Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ինքնության փառատոն՝ Բելգիայում

Սեպտեմբեր 26,2012 13:49

Բելգիայի Թագավորությունում ազգային ինքնության խնդիրը հրատապ է բոլոր օտարազգիների համար: «Արդիա» հ/կ-ի ղեկավար Սերգեյ Վարդանյանը, ում ընտանիքը բելգիական հասարակության մեջ ինտեգրվելով հայ մնալու փայլուն օրինակ է, Անտվերպենում հայտնի է որպես հետաքրքիր մտահղացումների հեղինակ եւ հայապահպանության նվիրյալ: Արդեն չորրորդ անգամ նրա ղեկավարած կազմակերպության ջանքերով բելգիահայ եւ հարեւան հոլանդահայ համայնքները հավաքվում են «Ես հայ եմ, այո, ես եմ» խորագրի ներքո անցկացվող փառատոնին: Օրերս կայացած փառատոնին նախորդեց հայ ազգային ինքնությանը նվիրված համաժողովը, որը հրավիրվել էր Անտվերպենի մարզային խորհրդարանի դահլիճում: Համաժողովը բացելով՝ Սերգեյ Վարդանյանը շեշտեց բելգիական հասարակության մեջ լիարժեք ինտեգրվելով, օրինապահ քաղաքացի լինելով հանդերձ՝ հայի ինքնությունը պահպանելու կարեւորությունը:

Հնչեցին ելույթներ, որոնք սինքրոն թարգմանվում էին նիդեռլանդերեն եւ ֆրանսերեն: Բելգիայում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր տեսուչ Զատիկ վարդապետ Ավետիքյանի ելույթը շոշափում էր մեր հավատքի, հայ եկեղեցու հայապահպան դերի եւ ինքնության հիմնահարցերը: Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, ներկաներին Անկախության տոնի առթիվ շնորհավորելուց հետո, խոսեց պետականության եւ ինքնության մասին, ընդգծելով պետության առաջնահերթ դերը ազգային ինքնության պահպանման գործում: «Ի դեմս ՀՀ դեսպանության՝ դուք ունեք հուսալի թիկունք եւ գործընկեր»,- վստահեցրեց նա: Չնայած ներկաները հրաշալի պատկերացնում են մեր դեսպանության հնարավորությունները, այնուամենայնիվ, հաճելի էր լսել, որ պետությունը պարտականություններ ունի հենց իշխանությունների մեղքով, ապաշնորհ կառավարման հետեւանքով օտարության մեջ հայտնված հայրենակիցների հանդեպ: Բանաստեղծ եւ լրագրող Կարինե Աշուղյանը ներկայացրեց իր տագնապները՝ կապված ազգային ինքնությանը սպառնացող վտանգներից ամենաաղետալիի՝ պետականության հետ, քանի որ հայրենիքն է ազգային ինքնության պահպանման բնական միջավայր, եւ պետությունը՝ դրա երաշխավորը, սակայն, ցավոք, այսօր էլ օրախնդիր է հենց պետականությունը չկորցնելը: Պատեհ առիթն օգտագործելով՝ Կարինեն առաջարկեց մտածել մեր հզոր Սփյուռքի հնարավորությունները հայ ժամանակակից գրականության թարգմանությունը կազմակերպելու եւ որպես հայապահպանության կարեւոր գործոն դիտարկելու մասին. «Մի գրքի թարգմանությունը երբեմն կարող է ավելի մեծ օգուտ բերել մեր ազգային խնդիրների լուծման գործին, քան քաղաքական եղանակները»:

Հոլանդիայի «Աբովյան» մշակութային կենտրոնի խորհրդի անդամ Մաթո Հախվերդյանը ներկայացրեց հասարակական կազմակերպությունների դերը ինքնության պահպանման գործում: Բելգիայի հայկական մշակութային կենտրոնի խորհրդի անդամ Նիկոլաս Դավիթյանը հաճելիորեն զարմացրեց ներկաներին՝ հայերեն ելույթ ունենալով: Ինչպես նկատեց Սերգեյ Վարդանյանը, փաստորեն Նիկոլասը հայերենը յուրացրել է վերջին մեկ տարում: Նա փոքրիկ պատմական անդրադարձում հիշատակեց գերմանացի դասական փիլիսոփա Կանտի հայտնի խոսքերը հայերի մասին, գրատպության կեսհազարամյա հոբելյանի մասին, օտար երկրներում հայերի գրաված դիրքի մասին՝ վկայաբերելով Ռուսաստանում Լորիս Մելիքովի, Եգիպտոսում՝ Նուբար փաշայի օրինակները: Խոսելով 2013թ. իր դռները բացող մշակութային կենտրոնի նպատակների մասին, Նիկոլասը նկատեց, որ այն բոլոր հայերի համար է՝ վերկուսակցական, այն հիմնվելու է տաղանդավոր մարդկանց խանդավառության վրա՝ խոստանալով պարգեւել «շատ հաճույք, երջանկություն եւ հարստություն»:

«Երիտասարդները որպես հայության ապագա» թեմայով ելույթ ունեցավ Բելգիայի հայ ուսանող երիտասարդների «Հայասա» կազմակերպության նախագահ Տիգրան Բաղդասարյանը: Նա ընդգծեց գիտելիքի եւ կրթության դերը հայապահպանության եւ զարգացման, օտարների առաջ արժանապատիվ ներկայանալու եւ մինչեւ իսկ ազգային խնդիրների լուծման գործում:

Ներկաները ոգեւորությամբ լսեցին նաեւ «Արարատից Եվրոպա» փաստավավերագրական ֆիլմի հեղինակ, պրոդյուսեր եւ ռեժիսոր Արսեն Հակոբյանին, որը խոսեց ֆիլմի քարոզչական հզոր հնարավորությունների մասին:

Համաժողովը եզրափակվեց «Արդիա» երիտասարդական հ/կ-ի նախագահ Սիրարփի Վարդանյանի ելույթով: Նա զբաղված է «Երեխաները եւ ծնողները միասնական ուժերով» ծրագրով, որի շրջանակներում նախաձեռնել է հատուկ պարապմունքներ Անտվերպենի հայ երեխաների համար:

Հայկական օրը շարունակվեց փառատոնով: Անտվերպենի մի շարք կազմակերպությունների վարչական շենքի տարածքում թեւածում էր հայկական ոգին՝ երաժշտությունը, պարը, ցուցադրված գեղանկարները, բակում երեխաների խաղն ու վազվզոցը, հայերենով շփումն ու զրույցները, ազգային հուշանվերների ու ուտեստների տաղավարները: Մինչ դահլիճում հանդիսատեսը հուզված դիտում էր «Արարատից Եվրոպա» ֆիլմը, բակում տեղադրված բեմահարթակում ելույթ էին ունենում պարային խմբերն ու երգչախմբերը:

ԱՐԵՎ ՏԱՐՈՆՅԱՆ

Բելգիա, Անտվերպեն

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930