Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նադեժդա Սարգսյան. «Ամեն ինչ կներեմ, բացի երախտամոռությունը»

Սեպտեմբեր 26,2012 13:47

Նադեժդա Սարգսյանը՝ կայանալիք մրցույթի եւ շոու-բիզնեսային «չուզողության» մասին

«Առավոտի» սեպտեմբերի 21-ի համարում տպագրված «Ինչո՞ւ Հայաստանում չեն մեր լեգենդար նվագախմբի ղեկավարները» հոդվածում նշվում էին Հայաստանի պետական ջազ նվագախմբի տարբեր տարիների ղեկավարներ Կոնստանտին Օրբելյանի ու Արմեն Մարտիրոսյանի՝ հայրենիքից հեռանալու պատճառները: Հոդվածի տակ մի ընթերցող թողել էր նման մեկնաբանություն. «Ուր ուզում են գնան, կարեւորը՝ Նադեժդա Սարգսյանը Հայաստանում է»: Դժվար է ասել՝ ընթերցողը հեգնո՞ւմ է, թե՝ ոչ… Բայց փաստ է, որ Հայաստանում առաջինը Նադեժդա Սարգսյանը 1997թ.-ից իր հիմնած «Դո-ռե-մի» ստուդիայի սաների մասնակցությամբ սկսեց անցկացնել մանկապատանեկան հանրապետական, երկու անգամ էլ միջազգային մրցույթներ, այսպիսով վաստակելով պրոդյուսերի համբավ: Նա առաջինն էր, ով 5 անգամ «Նովայա վոլնա» հեղինակավոր մրցույթին ներկայացրեց հայ երիտասարդ կատարողների, այդ թվում՝ Էմմիին, Ռազմիկ Ամյանին, Մհերին, Արման Գեւորգյանին եւ «Հայեր» խմբին: Պրոդյուսերը զուգահեռ շարունակեց դարձյալ «Դո-ռե-մի» ստուդիայի սաներին ներկայացնել միջազգային մրցույթներում, այդ թվում՝ Գերմանիայում, Բուլղարիայում, Ռուսաստանում եւ այլուր: Վերջինը օգոստոսին Յալթայում կայացած «Նովայա վոլնա» մրցույթն էր, որտեղ 16 երկրից ժամանած մեկական մասնակիցների թվում Հայաստանը, ժյուրիի որոշմամբ, ներկայացրեց երկու անուն՝ Սոնա Գյուլխասյան, Արինա Մալխասյան, որոնք գրավեցին, համապատասխանաբար՝ 2-րդ եւ 6-րդ տեղերը:

«Առավոտի» տեղեկություններով, պրոդյուսերը որոշել է Հայաստանում կրկին անցկացնել երիտասարդ կատարողների միջազգային մրցույթ; Նադեժդա Սարգսյանը հաստատեց մեր լուրը, մանրամասնելով. «Էմմի-Բի» ընկերությունը (որի տնօրենն է տիկին Սարգսյանը) առաջարկեց քաղաքապետին հոկտեմբերին ամենամյա դարձած «Էրեբունի-Երեւան» տոնակատարության շրջանակներում անցկացնել միջազգային մրցույթ: Այս գաղափարը եկավ արտերկրում մասնակցած մրցույթներից, որտեղ հետաքրքրվում էին, թե ինչու հիանալի փոփ երգիչներ ունեցող Հայաստանում չեն անցկացվում միջազգային մրցույթներ»: Մեր զրուցակիցը հավելեց, որ Երեւանում հոկտեմբերի 10-13-ը «Երեւանն է կանչում» խորագրով անցկացվող մրցույթին կմասնակցի 18 երկրից մեկական ներկայացուցիչ, որոնց թվում են նաեւ ժամանակին «Եվրատեսիլ» հեռուստանախագծի 3-րդ հորիզոնականը զբաղեցրած Էվելինա Սաշենկոն՝ Լիտվայից, Հիլա բեն Դավիդը՝ Իսրայելից, Ուկրաինայում անցկացվող «Սլավյանսկի բազարի» տարբեր տարիների մասնակիցներ ու դափնեկիրներ եւ այլն: Ընտրությունը կատարվել է CD-ների միջոցով: Հետաքրքրությանը՝ իսկ ո՞վ է ներկայացնելու մեր երկիրը, այն դեպքում, երբ նախապես չէր հայտարարված կայանալիք մրցույթի մասին, պրոդյուսերն ասաց, որ Հայաստանը ներկայացնող կատարողներին որոշել են իրենք (չհայտնեց ովքեր), հավանաբար՝ ինքն ու Արթուր Գրիգորյանը: Կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի ղեկավարած ժյուրիի կազմում են 14 երկրից հրավիրված անվանի պրոդյուսերներ, կոմպոզիտորներ, շոումեններ, այդ թվում՝ Ջորջ Սայլլենթը (ԱՄՆ), Դանիել դը Անաստասին (Մալթա), Ելենա Շվիլպեն (Լատվիա), Նունու Գաբունիան (Վրաստան), Նիկոլայ Տեկելիեւը (Բուլղարիա), Ստանիսլավ Զիելինսկին (Լեհաստան), Շուշան Պետրոսյանը (Հայաստան), Կարլիգաշ Աբդիկարիմովան (Ղազախստան) եւ այլն: Իսկ մեր երկիրը կներկայացնեն երկուսը՝ Երգի պետական թատրոնից Գրիգոր Կյոկչյանը եւ Երեւանի մշակույթի պետական քոլեջի ուսանող, միջազգային մրցույթների դափնեկիր Մերի Մնջոյանը:

Նադեժդա Սարգսյանը հայտնեց նաեւ, որ օրերս Երեւան ժամանող երգիչները ողջունել են մրցույթի 3-րդ օրը հայ որեւէ հեղինակի երգով հանդես գալու իրենց որոշումը: Մեր այն տեղեկությանը, թե հայաստանյան շոու-բիզնեսի մեկ կատարող հրաժարվել է իր երգի «մինուս» տարբերակը տրամադրել այլազգի գործընկերոջը, Նադեժդա Սարգսյանը հաստատեց, սակայն ձեռնպահ մնաց անուն հրապարակելուց, ասելով. «Ամեն ինչ կներեմ, բացի երախտամոռությունը»: Ասվածից ենթադրում ենք, որ մերժողը տիկին Սարգսյանի երբեմնի սաներից է:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930