«Արվեստների Պատկերասրահ» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո եւ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր հովանավորությամբ, ներկայացնում է Վերադարձի դասական երաժշտության վեցերորդ փառատոնը: Այն հայաստանցի, բայց արտերկրում ստեղծագործող արվեստագետներին հայրենիք է բերում աշխարհի տարբեր անկյուններից:
«Դասական երաժշտությունը կարեւոր է մարդու ներդաշնակ զարգացումն ապահովելու համար: Որպես Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր եւ կորպորատիվ պատասխանատու քաղաքացի, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը մեծ կարեւորություն է տալիս հայաստանյան հասարակության գեղագիտական դաստիարակությանը եւ բազմակողմանի զարգացմանը»,- ասաց փառատոնի հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Մենք պետք է նպաստենք մեր հասարակությունում դասական երաժշտության մասսայականացմանը, հատկապես՝ երիտասարդների շրջանում: Չէ՞ որ դասական երաժշտությունն է ի զորու ընդլայնելու մարդու՝ շրջապատող աշխարհի ամբողջ գեղեկցությունն ըմբռնելու եւ գնահատելու ունակությունը: Երաժշտությունը կարող է հարստացնել մարդու կյանքը եւ օգնել տեսնել աշխարհը նորովի»,- ավելացրեց պարոն Յիրիկյանը:
Վերադարձի փառատոնը բացվեց «Իսրայել կամերատա Երուսաղեմ» նվագախմբի հրաշալի համերգով, որը ղեկավարում էր նվագախմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Անվեր Բիրոնը: Համերգին ուրույն գույն տվեց Պորտուգալիան ներկայացնող հայազգի անվանի թավջութակահար Լեւոն Մուրադյանը, որ հանդես եկավ իբրեւ մենակատար: Նա բազմաթիվ միջազգային մրցույթների ժյուրիի անդամ է, ելույթ է ունեցել այնպիսի աշխարհահռչակ դիրիժորների հետ, որոնց թվում են Վալերի Գերգիեւը, Վերոնիկա Դուդարովան, Վահագն Պապյանը, Ջանսուղ Կախիձեն եւ ուրիշներ:
Լեւոն Մուրադյանը նվագում է Գոֆրիլերի աշխատանքը հանդիսացող 18-րդ դարի թավջութակով: