Լրահոս
Օրվա լրահոսը

«Անապահով ընտանիքներում երեխան բեռ է դառնում»

Սեպտեմբեր 26,2012 13:38

Մոտ 30-ամյա Հերմինեի 6-ամյա զավակն իր առաջին դասերը կսկսի գիշերօթիկ դպրոցից, մայրը հենց այսպիսի դպրոց է փորձում տեղավորել, քանի որ սոցիալական վատ պայմաններից ելնելով՝ ի վիճակի չէ խնամել, իսկ գիշերօթիկում շաբաթվա 5 օրը երեխային գոնե լավ կկերակրեն: Տիկին Հերմինեին հանդիպեցինք Արարատի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում: Բաժնի ղեկավար Գագիկ Պողոսյանն «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ Հերմինեն իր 2-րդ երեխայից փորձել է «ազատվել» դեռ տարիներ առաջ. երբ փոքրիկը 3 ամսական էր, մայրը մանկատուն էր հանձնել երեխային, քանի որ ի վիճակի չէր խնամել երեխային՝ ոչ հնարավորություն ուներ հագուստ գնելու, ոչ սնունդ: Գագիկ Պողոսյանի ներկայացմամբ՝ իրենց բաժնի աշխատակիցների ջանքերով գտել էին երեխայի հորը, ստիպել, որ հայրություն ճանաչի եւ երեխային մանկատնից վերցնի ու կենսաբանական ընտանիք վերադարձնի. «Ընտանիքը մի քանի անգամ երեխային ստիպված է եղել ՀՕՖ-ի խնամակալությանը հանձնել: Վերջերս էլ Հերմինեն Երեւանում երեխայի հետ մուրացկանություն անելիս ոստիկանության կողմից բռնվել էր, եւ այժմ կարգադրել ենք, որպեսզի երեխային վերջապես գիշերօթիկ դպրոցում տեղավորեն»:

Արարատի մարզում դեռ 2006 թ.-ին է ստեղծվել ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը: Գագիկ Պողոսյանի ներկայացմամբ՝ բաժինն այժմ ունի 3700 շահառուներ, որոնք հիմնականում բազմազավակ ընտանիքներ են, սոցիալապես անապահով, հաշմանդամություն ունեցող անձինք եւ այլ ռիսկային խմբերի մեջ ընդգրկված մարդիկ: Նրանց զգալի մասը նպաստառու է, սակայն Գ. Պողոսյանը համոզված է, որ նպաստները մարդկանց ստիպում են չաշխատել, երբեմն մարդն ամեն ինչ անում է, որպեսզի անասուն չունենա, մեքենա չունենա, միայն թե նպաստի միավորները բարձր լինեն, եւ ինքը չզրկվի դրանից. «Մարդկանց մոտ արդեն բնավորություն է դարձել, որ իրենց բոլոր խնդիրները պետք է պետությունը լուծի, ինչքան էլ օգնում ենք, նա էլ ավելիին է սպասում: Այ, օրինակ, էսօր մեկը եկավ, հարցրեց, թե՝ երեխային որ գիշերօթիկ տամ, նպաստից չեմ զրկվի, չէ՞»:

Բաժինը պետբյուջեից ֆինանսական միջոցներ չի ստանում, նրանց կողմից մատուցվող ծառայություններն էլ հիմնականում ունեն խորհրդատվական բնույթ. «Մենք ուղղակի աջակցում, ուղղորդում ենք մարդկանց այդ ինտեգրված ծառայություններ, մենք արդեն 6 տարի է՝ մարզպետարաններում իրականացնում ենք դա: Մեր բաժնում բազմամասնագիտական թիմ է աշխատում, ունենք իրավաբան, հոգեբան, սոցաշխատող, բժիշկ եւ ցանկացած դեպք առանձին ուսումնասիրում ենք, հետո որոշում՝ երեխային մանկատո՞ւն տանք, գիշերօթի՞կ, թե՞ ոչ»: Գ. Պողոսյանը պատմեց, որ իրենց երեխաներին գիշերօթիկ հաստատություն հանձնելուց հետո ամեն ինչ անում են, որպեսզի ընտանիքը կայանա, եւ թեկուզ մի քանի տարի անց երեխային ընտանիք վերադարձնեն: Նրա խոսքերով. «Հիմա մենք ձեռք ենք մեկնում, նաեւ զանգում ենք զբաղվածության կենտրոն, օգնում, որ երեխայի ծնողները աշխատանք գտնեն, եւ երեխային կենսաբանական ընտանիք տանենք»: Գ. Պողոսյանը վստահեցրեց, որ իրենց բոլոր շահառուներին գիտեն, յուրաքանչյուր ընտանիքի հետ տարիներով աշխատում են: Գ. Պողոսյանը փաստեց, որ ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ Արարատի մարզում շատացել են ամուսնալուծությունները: Սակայն նա նկատել է, որ վերջին ժամանակներս հաճախակիացել են առանց լուրջ խնդիրների ամուսնալուծությունները. «Գալիս են, խոսում, քննարկում ենք, եւ պարզ է դառնում, որ լուրջ ինչ-որ պրոբլեմ չկա: Ո՛չ սոցիալական, ո՛չ բարոյական, երիտասարդ զույգերը անգամ մանր-մունր հարցերում չեն ուզում զիջել միմյանց: Ուղղակի մեջտեղում ինչ-որ տատիկ է, ինչ-որ տալ, մենք էլ խոսում ենք, բացատրում, որ ընտանիքը էդքան հեշտ չի ստեղծվել, որ էդպես հեշտ քանդեն»: Նա ծիծաղելով ավելացրեց, որ իրենց բաժինը վերածվել է «հաշտեցնող բյուրոյի»: Ամուսնալուծությունների լուրջ պատճառներից առաջին հերթին Գ. Պողոսյանն առանձնացրեց սոցիալականը. «Մեզ մոտ ամեն օր մարդիկ են գալիս, որոնց համար երեխան ուղղակի բեռ է դարձել, մարդիկ չեն կարողանում իրենց գլուխը պահել, ի՞նչ անեն փոքրիկ, խնամք ու նյութական միջոցներ պահանջող երեխաների հետ»:

ԱՐՄԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930