Լրահոս
Օրվա լրահոսը

«Հին Էրիվանի» ճակատագիրը սաունաներո՞ւմ է որոշվել

Սեպտեմբեր 26,2012 13:37

Ընկերության սեփականատերը գրեթե վստահ է, որ դատարանը, որքան էլ չեզոք դիրք բռնի, միեւնույն է՝ որոշ մարդկանց հրահանգն է կատարելու:

Հարկային ստուգումներ, 6-րդ վարչություն, գույքի եւ բանկային հաշիվների արգելափակում: Արդեն մի քանի տարի է՝ մեր երկրում գործող խոշոր գործատուներից մեկը՝ «Հին Էրիվան հոլդինգ»-ը, պետական մի կառույցից ազատվում՝ մյուսի «ճանկն» է ընկնում: Տարուց ավելի է՝ «Հին Էրիվան հոլդինգի» եւ «Յունիբանկի» միջեւ առկա տնտեսական վեճը ձգվում է:

Ներկայումս այն դատարանում է, եւ հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի կանխատեսմամբ՝ «լավ ավարտ» չի ունենալու, քանի որ բանկի կողմից տարվող գործողությունները ցույց են տալիս, որ գործի է դրված ուղղակի «բիզնեսը, շենքը խլելու» տարբերակը: Ըստ պարոն Առաքելյանի՝ բանկը որեւէ հաշտության հրաժարվում է գնալ եւ անգամ պարտքի գումարը մարելու՝ հոլդինգի սեփականատիրոջ ցանկությունը մերժում է:

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Կարինե Պետրոսյանը լսեց կողմերի դիրքորոշումները, լսեց հոլդինգի գլխավոր հաշվապահի ցուցմունքները՝ գործում առկա համաձայնագրի վերաբերյալ: Այն համաձայնագրի, որն էլ հանդիսանում է ամբողջ այս պատմության վեճի առարկան: Ըստ Մանվել Տեր-Առաքելյանի՝ 2009թ. մայիսի 25-ին «Յունիբանկի» եւ «Հին Էրիվանի» միջեւ կնքվել է վարկային պայմանագիր, որի համաձայն՝ տրամադրված մայր գումարն ու բանկային տոկոսների մարումը պետք է սկսվեր 2 տարի անց, պարտքը պետք է մարվեր համեմատաբար կարճաժամկետ հատվածում՝ ամսական մոտ 44 մլն դրամ: Ավելի ուշ կողմերի համաձայնությամբ կնքվել է 2-րդ պայմանագիրը, որը հոլդինգին հնարավորություն էր ընձեռում ավելի երկարաժամկետ տեւողությամբ մարում՝ ամսական մոտ 32 մլն դրամի չափով: Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո հոլդինգը վճարել է պահանջվող վարկի գումարը, ավելի ստույգ, ըստ Մանվել Տեր-Առաքելյանի՝ բանկը հոլդինգի հաշիվներից գանձել է ճիշտ այնքան գումար, ոչ ավել ոչ պակաս, որքան նախատեսված է եղել պայմանագրով՝ երկրորդ համաձայնագրով: Հոլդինգի ղեկավարի ներկայացմամբ՝ իրենց հաշվին եւս 300 հազար դրամ լրացուցիչ գումար է եղել, սակայն բանկը վերցրել է իրեն անհրաժեշտ գումարը: Երեկ դատարանում Մանվել Տեր-Առաքելյանի պաշտպան Արա Զոհրաբյանի ներկայացրած այդ փաստերին ի պատասխան՝ «Յունիբանկի» շահերը ներկայացնող փաստաբան Հայկ Հարությունյանը Ա. Զոհրաբյանին խնդրեց մատնանշել մի օրենք, որը թույլ չի տալիս ավելի ուշ պարտապանից գումարն ուզել: Այսինքն՝ պարոն Հարությունյանը նկատի ուներ, որ բանկը այդ ժամանակ պայմանագրով սահմանված գումարի ոչ ամբողջ չափն է գանձել: Պարոն Զոհրաբյանը սրան ի պատասխան՝ նկատեց, որ այդպիսի զուգադիպություն դժվար թե տեղի ունենար, որը կոպեկ առ կոպեկ համընկներ երկրորդ համաձայնագրով ֆիքսված գումարի չափին:

Նշենք, որ երկրորդ համաձայնագիրը կնքելուց հետո բանկը մեկ ամիս չանցած՝ հունիսի 17-ին, «Հին Էրիվան» ընկերությանը բռնագանձման թուղթ է ուղարկել, ըստ որի՝ ընկերությունը ժամանակին իր պարտավորությունները չի կատարել՝ մայիսի 25-ին պահանջվող գումարը՝ մոտ 44 մլն դրամը, չի վճարել, ուստի սկսել է գործել տույժ-տուգանքի մեխանիզմը: Հոլդինգի ղեկավարության համար այդպես էլ մութ է մնացել, թե ինչու է բանկն այդպիսի քայլի գնացել, եւ «Յունիբանկի» հետագա քայլերից արդեն հոլդինգի սեփականատիրոջ համար սկսել է պարզ դառնալ, որ, ինչպես Մ. Տեր-Առաքելյանն է նշում, «բանկն ուղղակի զավթողական քաղաքականություն է վարում»:

«Յունիբանկի» տնօրենը՝ Վարդան Աթայանը, հիմք ընդունելով առաջին համաձայնագիրը՝ դիմել է ոստիկանության 6-րդ վարչություն եւ հայտարարել, թե Մանվել Տեր-Առաքելյանը կեղծել է բանկի կնիքն ու իր ստորագրությունը՝ նպատակ ունենալով խարդախությամբ տիրանալ «Յունիբանկի» գումարներին: Սակայն փորձաքննությունը պարզել է, որ ոչ մի փաստաթուղթ էլ կեղծված չէ:

Հոլդինգի սեփականատերը դիմել էր դատարան գործարար համբավը վերականգնելու եւ այն արատավորողներին էլ պատասխանատվության ենթարկելու պահանջով: Մանվել Տեր-Առաքելյանի խոսքերով՝ այսօր ինքը տարբեր բանկերից ավելի շահավետ պայմաններով՝ ցածր տոկոսադրույքով առաջարկներ է ստանում, սակայն նախ պետք է դուրս գա «Յունիբանկ»-ի սահմանած «անպարտաճանաչ վարկառուների» ցանկից, սակայն բանկը հրաժարվում է գնալ որեւէ զիջման:

Դատական նիստի ավարտին դատավորից ելույթի թույլտվություն է խնդրել նաեւ Մանվել Տեր-Առաքելյանը: Ըստ նրա՝ «ոտնահարված է իր գործարար համբավը»: Պարոն Առաքելյանը դատարանին պատմել է, որ գոյություն է ունեցել երկրորդ համաձայնագրի 3 օրինակ, որից երկուսը եղել է իր մոտ, մեկը՝ որպես Մանվել Տեր- Առաքելյանի, մյուսը՝ որպես հոլդինգի սեփականատիրոջ:

«Առավոտի» հետ զրույցում պարոն Տեր-Առաքելյանն ասաց. «Ցավում եմ, որ այսպիսի հարցերն այսօր դատարանի դահլիճում չեն լուծվում, այլ դատարանից դուրս այլ միջավայրերում՝ սաունաներում կամ սրճարաններում: Դատավորը դատավարությունը առանց կողմնակալության վարում է, բայց ելքն ակնհայտ է, թե վճիռն ում օգտին է լինելու: Բաղրամյան 26-ից ասել են, որ հարցը բանկի օգտին լուծվի: Դատավորից շատ քիչ բան է կախված: Այդ հարցն արդեն կանխորոշված է»:

Հոկտեմբերի 9-ին դատավոր Կարինե Պետրոսյանը կհրապարակի «Հին Էրիվան»-«Յունիբանկ» տնտեսական վեճի վճիռը: Պարոն Տեր-Առաքելյանը մտադիր է պայքարել մինչեւ վերջ, անգամ դիմել Եվրադատարան:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Հ. Գ. Ամիսը մեկ Հայաստան են ժամանում զարգացած երկրների գործարար պատվիրակություններ, որոնց մեր երկրի տնտեսության պատասխանատուները «գունավոր» ներկայացնում են ներդրումային դաշտը, հարկային-մաքսային բարելավված վարչարարությունը, սակայն ոչ մի խոսք չի գնում այն մասին, թե ինչպես կարող են հաշված ժամերի ընթացքում «սարքել» այս կամ այն գործարարի գլխին, բիզնեսը ձեռքից խլել ու Հայաստանից վտարել:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930