Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղորայքի գնումները կարգավորելու երեք առաջարկ

Սեպտեմբեր 26,2012 13:34

ՀՀ առողջապահության նախկին նախարարն արձագանքում է նախագահ Սարգսյանի դիտողություններին

«Կենտրոնացված կարգով դեղորայքի ձեռք բերման գծով պետական պատվեր» ծրագրով ձեռք բերված դեղորայքից շուրջ 764,9 մլն դրամ արժեքով դեղորայքի պիտանելիության ժամկետները ձեռք բերման պահին չեն համապատասխանել պայմանագրի տեխնիկական բնութագրերում սահմանված պիտանելիության ժամկետներին: Մարդասիրական օգնությամբ ստացված դեղորայքը՝ շուրջ 60,8 մլն դրամ, որը ստացման պահին ունեցել է 6 ամսից 1,5 տարի պիտանելիության ժամկետ, ժամանակին չի բաշխվել եւ օգտագործվել, արդյունքում՝ կորցրել է պիտանելիության ժամկետը եւ դարձել ոչ պիտանի: Կենտրոնացված կարգով դեղորայքի ձեռք բերման համար կնքված պայմանագրերի պահանջները «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի պետի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից պատշաճ մակարդակով չկատարելու արդյունքում ձեռք բերված 17 անվանում դեղորայքի համար շուկայում առկա նվազագույն գներից ավելի քան 200 մլն դրամ ավելի է վճարվել». ՀՀ վերահսկիչ պալատի դեռ 2009 թվականին դեղորայքի շուկայում հայտնաբերված պետական միջոցների անարդյունավետ օգտագործման եւ առողջապահության ոլորտի մի շարք այլ թերացումների, անարդյունավետ կառավարման մասին  առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը բարձրաձայնել էր դեռ երեք տարի առաջ («Առավոտ», 17.12.2009, «Սոցիալական ճգնաժամի շեմին» հոդվածում): Օրերս կառավարությունում տեղի ունեցած հայտնի խորհրդակցության ժամանակ այդ մասին բարձրաձայն խոսեց նաեւ ՀՀ նախագահը՝ առողջապահության նորանշանակ նախարարին նախատելով դեղերի շուկայում կատարվող չարաշահումների համար: Բուն խորհրդակցությունից առողջապահության նախկին նախարարն այսպիսի տպավորություն է ստացել. «Նախագահի համբերության բաժակը լցվել է, եւ ես կարծում եմ, որ անկեղծ էր պոռթկումը, հատկապես, երբ դիմեց վարչապետին՝ ասելով, որ արդեն չորս տարի է՝ այս մասին խոսում ենք, այս հարցերի մասին շեշտադրումներ են եղել, բայց սայլը տեղից չի շարժվում»: Իսկ դեղերի շուկայի մասին ասում է. «Դեղային շուկայում, մյուս շուկաների նման, նույնպես օլիգարխացում ունենք: Դեղորայքի 70 տոկոսից ավելին Հայաստան է ներկրում Սամվել Ալեքսանյանը: Այստեղ ավելորդ է մրցակցության մասին խոսելը»: Բայց նախագահի դիտարկումները շրջանցեցին դա եւ կանգ առան միայն պետության կողմից շուկայական գներից մինչեւ կրկնակիի հասնող գներով դեղորայքի ձեռք բերման վրա: Ինչեւէ: Բուն դիտարկումների առումով՝ մեր զրուցակիցը նկատում է. «Եթե 2009-ին կառավարությունն ադեկվատ արձագանքեր Վերահսկիչ պալատի բացահայտումներին, այսօր էականորեն նվազեցված կլինեին կոռուպցիոն ռիսկերը՝ պետական գնումների ոլորտում ընդհանրապես: Ցավոք, դա տեղի չունեցավ»:

Մեր զրուցակիցը դեղերի շուկայում տեղի ունեցող անընդհատ թանկացումները պայմանավորում է հենց նրանով, որ պետությունն այստեղ խաղացող չէ, քանի որ ձեռք է բերում շուկայական գներից բարձր գներով դեղորայք, շուկա է մտնում ավելի թանկ քայլերով՝ ուղղակի նպաստելով գների աճին: Մինչդեռ, մեր զրուցակցի կարծիքով, պետությունը կարող է նպաստել դեղերի գների իջեցմանը կամ գոնե կայունացմանը: Իսկ դրանց ձեւերը կան: Օրինակ. «ԱՄՆ-ում պետությունը երեխաների, տարեցների եւ սակավ ապահովվածների՝ ԱՄՆ-ի բնակչության մոտ 91 միլիոնի համար իրականացվող ապահովագրական ծրագրերով դեղամիջոցների ձեռք բերման համար գների շեմ է սահմանել: Հակառակ պարագայում պայմանագիր չեն կնքում, եւ ոչ ոք չի ցանկանա այդ պայմանագրից հրաժարվել, քանի որ խոսքը մեծ ծավալների մասին է: Այստեղ էլ կարելի է դա կիրառել՝ մատակարարի հետ սակարկություններ անել եւ ֆիքսել այս կամ այն դեղի վերին սահմանը: Կամ՝ ԱՀԿ-ի առաջարկած տարբերակը, որը տարբեր միջոցառումների անընդհատ մասնակցող մեր չինովնիկները չեն փորձում կիրառել: Դա, այսպես կոչված, ջեներիկ դեղամիջոցների ձեռք բերումն է: Դա նույն դեղամիջոցն է, ուղղակի տվյալ դեղարտադրողի կողմից պատենտային ժամկետի լրանալուց հետո այլ արտադրողի իրավունք է տրվում նմանատիպ դեղամիջոց արտադրել՝ առավել նվազ գնով: Եվ երրորդը՝ կարելի է օրենքով կամ կառավարության որոշմամբ պետական գնման սահմանային ցուցանիշ ամրագրել, եւ նշված ծավալը գերազանցող գնումները հաստատվեն կառավարության նիստով»: Արարատ Մկրտչյանը նաեւ զարմանում է, թե ինչո՞ւ պետությունը չի փորձում դեղորայք գնել ուղղակի արտադրողից, այն էլ՝ ներկայիս կոմունիկացիաների պայմաններում, այլ դա անում է միջնորդավորված, մոսկովյան գրասենյակների հայկական ներկայացուցիչների միջոցով, անունն էլ դնում են մրցույթ: Նշենք, որ ՀՀ-ում արտադրվող դեղորայքի քանակը հազիվ 7 տոկոս է, մնացյալը ձեռք է բերվում դրսից: «Տվյալ ֆիրմային ընդամենը մի նամակ է պետք գրել, գնման ծավալները նշել եւ հսկայական միջոցներ խնայել: Պետք չէ այդ մրցույթ կոչված աչքակապությունը: եթե տեղի արտադրողներ լինեին՝ մրցույթը հասկանալի էր, բայց դրսից գնելու պարագայում ի՜նչ մրցույթ, եթե կարելի է անմիջապես արտադրողի հետ պայմանավորվել»,- ասում է նախկին նախարարը:

Ի դեպ, Արարատ Մկրտչյանը կարծում է, որ տեղի ունեցածի համար նախարար Դերենիկ Դումանյանը պատասխանատվություն կրել չի կարող, որովհետեւ դրանք եղել են նախկինում: Ստացվում է, նախագահի կշտամբանքներն անտեղի էին: «Իսկ կարող է կառավարման ողջ համակա՞րգը խնդիրներ ունի: Հատվածային խնդիրները ոչնչի չեն բերի: Կառավարման համակարգի լուրջ վերանայում է պետք, ոչ թե կառուցվածքային փոփոխություններ, որոնք ոչնչի չեն բերում: Դրսից ներմուծված համակարգեր պատվաստելով՝ որեւէ հարց չեն լուծի»,- համոզված է մեր զրուցակիցը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Արարատ Մկրտչյանի այլ

դիտարկումները՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930