«Դրամահավաքը մի մոնստր է դարձել, որի գլուխը որքան կտրում ես՝ աճում է նոր գլուխ: Դրամահավաքը պրոբլեմ է: Որքան պայքարեցինք, տեսականորեն փայլուն մեխանիզմներ կան, բայց տեղերում ունենք իրականացման խնդիր: Նախարարը չի կարող գնալ ու բռնել յուրաքանչյուր տնօրենի, դասղեկի, ուսուցչուհու ձեռքը»,- ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր ԱԺ-ում 2011-ի բյուջեի հաշվետվությունը ներկայացնելիս ընդգծեց այն խնդիրները, որոնք կան այդ ոլորտում: ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը նշեց, որ կա դասագրքերի խնդիրը. «Ես 5-րդ դասարանի աշխարհագրության դասագիրքը 7 անգամ կարդում եմ՝ ոչինչ չեմ հասկանում»: Պարոն Աշոտյանը համաձայնեց, որ դասագրքերի պրոբլեմ իսկապես կա. «Ես ասում եմ՝ հարգելի գիտնականներ, Ձեզ սիրելով, աստվածացնելով, հարգելով հանդերձ, եկեք մաթեմատիկայի դասագիրք չգրենք, եթե կա միջազգային շուկայում փայլուն դասագիրք: Եկեք երկրաչափություն չգրենք: Բայց մեզ մեղադրում են, թե մենք արմատախիլ ենք անում տեղական գիտամանկավարժական ներուժը: Եթե չենք կարող գրել լավ դասագիրք, մենք այդ դասագիրքը պետք է բերենք դրսից: Հիմա կսկսեն մտածել՝ ռուսական գրքեր են բերելու, ուրեմն ռուսներն են մեզ պարտադրում: Երբեմն զավեշտի են հասնում այս խոսակցությունները: Ֆրանսիայից եթե բերեինք, պիտի ասեին՝ ըհը, Ֆրանսիայից բերեցին, ուրեմն…»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ