Լրահոս
Օրվա լրահոսը

«Կինոաշուն – 2012»-ը նվիրվում է Համո Բեկնազարյանի 120-ամյակին

Սեպտեմբեր 26,2012 13:25

«Կինոաշուն – 2012»  ազգային կինոյի ամիս»  ծրագիրը այս տարի կրկին կանցկացվի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:  Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Ազգային կինոտոնն այս անգամ նվիրվում է կինոյի հայ աշխարհակալի՝ Համո Բեկնազարյանի 120-ամյակին: Ավանդական «Կինոաշունը» կմեկնարկի Արմավիրի մարզից կինոյի մեծ վարպետի  ստեղծած առաջին հայկական հնչունային «Պեպո» ֆիլմի ցուցադրությամբ:

Ի պատիվ մեծն Բեկնազարյանի, «Նաիրի»  կինոթատրոնում  «Անհայտ Բեկնազարովը» խորագրի ներքո կցուցադրվցեն  վարպետի հայտնի եւ անհայտ բոլոր ֆիլմերը: Իսկ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում կանցկացվի գիտաժողով՝  «Բեկնազարովը եւ ժամանակը» խորագրով, որի ընթացքում բացի մասնագետներից զեկուցումներով հանդես կգան նաեւ ուսանողները:

Ավանդական դարձած ազգային կինոտոնի կամ ազգային կինոյի ամսվա շրջանականերում հանրապետության բոլոր մարզերում, մայրաքաղաքի համայնքներում, արվեստի բուհերում,  սահմանամերձ բնակավայրերում եւ զորամասերում կցուցադրվեն  հին ու նոր խաղարկային, վավերագրական, անիմացիոն եւ մանկական ֆիլմեր: Բացի այդ, մայրաքաղաքում եւ մարզերում տեղի կունենան  հանրահայտ կինոռեժիսորների եւ կինոգործիչների հոբելյանական երեկոներ, կկայան Դմիտրի Կեսայանցին նվիրված գրքի շնորհանդեսը:

Ամենամյա այս կինոնախագիծը նպատակ ունի վերականգնել կինոյի տարածման բոլոր այն խողովակներն ու միջոցները, որոնք անհետացան անցյալ դարի 90-ականներին, եւ հաստատել Հայաստանում արտադրված ֆիլմերի ցուցադրման բարի ավանդույթն ու մարզային կինոցանցը:

Նախորդ տարվանից սկսած ազգային կինոտոնը մեկնարկում է մարզերից եւ եզրափակվում Երեւանում՝ ուսանողության շրջանում հայտարարված ամենամյա գրախոսականների մրցույթի ամփոփմամբ: Մարզային կինոցուցադրումները կանցկացվեն միաժամանակ մի քանի մարզերում ՝ տարբեր աշխատանքային խմբերի միջոցով: Ծրագրի կազմակերպիչները, այս եղանակով, փորձում են մարզերում աշխուժացնել մշակութային կյանքը՝ մասնակից դարձնելով բնակչությանը մայրաքաղաքային միջոցառումներին: Այս տարի կինոյի երկու մեծերի՝ Յուրի Երզնկյանի եւ Ֆրունզե Դովլաթյանի հոբելյանները կնշվեն մարզերում:

Ազգային կինոյի ամսվա շրջանակներում հանրությանը կներկայացվեն մի քանի պրեմիերաներ, որոնց ստեղծագործական խմբերը հենց իրենք էլ կներկայացնեն ֆիլմերը: Բացի նոր կինոնկարներից , այս տարի եւս կցուցադրվեն հանրության համար հարազատ դարձած հին ու սիրված ֆիլմեր: Ե՛վ մարզային, ե՛ւ  համայնաքային ցուցադրությունների ընթացքում տեղի կունենան հանդիպումներ ֆիլմերի ստեղծագործական խմբերի հետ:

Այս տարի բացօթյա ցուցադրություն կկազմակերպվի միայն Կարապի լճի վրա տեղակայված քաղաքային էկրանին: Ցուցադրման համար ընտրվել են հայկական լավագույն երաժշտական ֆիլմերը: «Նաիրի» կինոթատրոնում տեղի կունենան թեմատիկ եւ հետահայաց ցուցադրություններ,  Դմիտրի Կեսայանցին նվիրված գրքի շնորհանդեսը,  Լաերտ Վաղարշյանի եւ Սերգեյ Իսրայելյանի 90 եւ 75- ամյակներին նվիրված հոբելյանական երեկոները:

Նարեկացի արվեստի միությունում կկայանան վավերագրական կարճամետրաժ հին ու նոր ֆիլմերի, ինչպես նաեւ մի քանի խաղարկային նոր ֆիլմերի ցուցադրություններ:

Նախորդ տարվա օրինակով, այս տարի եւս կհայտարարվի ժամանակակից ֆիլմերի գրախոսականների մրցույթ, որին կարող են մասնակցել ե՛ւ ուսանողները, ե՛ւ այն անձինք, որոնք հետաքրքրված են  կինոյով: Նախորդ տարվա օրինակով, այս տարի եւս  մրցույթին ներկայացված բոլոր գրախոսականները կազմակերպիչները կտպագրեն ինչպես «Անկախ» շաբաթաթերթում, այնպես էլ «Կինոաշխարհ» ամսաթերթում:

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնի  մամուլի պատասխանատու  

Ռ.Բագրատունյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930