Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հզոր տղերքի» կյանքից

Սեպտեմբեր 26,2012 13:16

92 թվականի գարնանը նկարահանումներ էինք կատարում Շահումյանի շրջանում: Մեզ «կցել» էին դաշնակցական ջոկատին՝ հավանաբար, հաշվի առնելով այդ ջոկատի օրինակելի կարգապահությունը: Տղաների հետ բարձրանում էինք դիրքերը, եւ մեր ճանապարհին մի աղվես հայտնվեց: Երիտասարդ զինվորներից մեկը ավտոմատն ուղղեց կենդանու վրա՝ ուզում էր կրակել: Հրամանատարը խստորեն հանդիմանեց նրան. «Դու եկել ես այստեղ ոչ թե կրակելու-սպանելու, այլ քո հողը, քո հայրենիքը պաշտպանելու, իսկ դրա մեջ մտնում է նաեւ քո բնությունը»:

Այդ պատմությունը հիշեցի այն պահին, երբ երեկ տեսա այն սահմռկեցուցիչ կադրերը, որոնք պատկերում են Խոսրովի անտառում «լավ տղերքի» խրախճանքի հետեւանքները: Մտածեցի՝ նորմալ մարդիկ, որոնց հանդիպում էի պատերազմի ժամանակ, կամ գնացել են երկրից, կամ սոցիալական խնդիրների լծի տակ մի տեսակ կծկվել են, հեռացել են հասարակական կյանքից: Փոխարենն ասպարեզում են հոգեւոր հաշմանդամները, որոնք իրենց մասին թյուրիմացաբար ասում են՝ «ուժեղ ենք, հզոր ենք», բայց իրականում ապրում են խղճուկ եւ անիմաստ կյանքով,  որը, ճիշտ է, շատերի համար նախանձի առարկա է, այսպես ասած՝ երազանքի ուղենիշ:

Այդ անիմաստ ապրելակերպի անբաժանելի մասն է կազմում բնությանը վնաս տալը եւ կենդանիներ սպանելը: Հոգեպես առողջ մարդը կարիք չունի ինքնահաստատվելու՝ զենք օգտագործելով անզեն կենդանիների դեմ: Զվարճանալու համար շնչավոր էակի արյունը թափելը խոսում է խորը, մանկության տարիներին առաջացած բարդույթների մասին, որոնք հաղթահարվում են ագրեսիայի եւ սադիզմի միջոցով: Նույն հիվանդության նշան է հաստավիզ թիկնապահների ջոկատներ պահելը՝ դրանց միջոցով են նրանք «վերխ հավաքում» հասարակ մահկանացուների հանդեպ: Բայց ամենացավալին այն է, որ այդ հիվանդ սադիստները սպանելու իրենց կիրքը բավարարում են Հայաստանում, ոչ թե, ասենք, Աֆրիկայում, որտեղ դրա համար ստեղծված են բոլոր պայմանները: Հավանաբար, նրանք հատուկ բավականություն են ստանում վնաս տալու  հենց իրենց  փոքր եւ փխրուն հայրենիքում: Դա հաճույքի ճիշտ նույն տեսակն է, որը նրանց դրդում է գնդակահարել անպաշտպան կենդանիներին:

Ովքե՞ր են Խոսրովի անտառում վերջին խրախճանքի մասնակիցները: Կասկած չկա՝ կամ պատգամավորներ, կամ նախարարներ, կամ գեներալներ: Նորմալ մարդկանց մտքով նման գազանություն չի կարող անցնել: Երբ կիրակի օրն այս թեմայով հաղորդում էինք պատրաստել «Շանթով», ինձ մի քանի հոգի մոտեցավ եւ պատմեց իր իմացածը՝ թե ինչպես են, օրինակ, «վերնախավի» այդ ներկայացուցիչները դինամիտը գցում գետը՝ ձուկ սպանելու նպատակով: Կամ ինչպես են որս անում ուղղաթիռներով՝ բա հզոր տղերք են, պիտի՞ իրենց անվտանգության մասին մտածեն:

Կարծում եք՝ ինչո՞ւ է բնապահպանության նախարարը, վրդովվելու եւ միջոցներ ձեռնարկելու փոխարեն, միանգամից կասկածներ հայտնում բնապահպանների տրամադրած տեսանյութի կապակցությամբ: Շատ պարզ. որովհետեւ նա զգում է (կամ գուցե գիտի), որ դա իր «յուրայինների»՝ պատգամավորների, նախարարների կամ գեներալների ձեռքի գործն է: Իսկ «հզոր տղերքը» պետք է միմյանց «թասիբը պահեն»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930