Երկրաշարժից անօթևան ընտանիքների համար պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում Գյումրու «Մուշ-2» թաղամասում կառուցված 33 և «Անի» թաղամասում կառուցված 5 բազմաբնակարան շենքերի (1756 բնակարան) արտաքին ու ներքին հարդարման աշխատանքները դիտարկելու և ընդունելու նպատակով, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի սեպտեմբերի 25-ի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որի կազմում Քաղաքաշինական ԾԻԳ-ի և Քաղաքաշինական պետական տեսչության մասնագետներից բացի ընդգրկված է նաև «Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասյանը: Այդ մասին «Մուշ-2» թաղամասում երեկ անցկացված խորհրդակցության ժամանակ ներկաներին տեղեկացրեց աշխատանքային այցով Գյումրիում գտնվող նախարար Սամվել Թադեւոսյանը: Վաղվանից քաղաքաշինական ԾԻԳ-ի տնօրենի տեղակալ Վահան Սարգսյանի գլխավորությամբ հանձնաժողովի անդամները նորակառույց թաղամասում անցնելու են շենք առ շենք և բնակարան առ բնակարան, գրի են առնելու հայտնաբերվելիք թերությունները, ապա դրանք տրամադրվելու են շինարարությունն իրականացնող «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներին` մեկշաբաթյա ժամկետում վերացնելու համար: Միայն դրանից հետո հանձաժողովականները կստորագրեն բնակելիների արտաքին և ներքին հարդարման աշխատանքների ընդունման ակտը: Խորհրդակցության ընթացքում ՀՀ քաղշիննախարարը չբացառեց արտաքին և ներքին աշխատանքների փուլ առ փուլ ընդունման հնարավորությունը:
«Շիրակ կենտրոն» ՀԿ