Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայկ Մակուչյան. Փորձում են Գուրգեն Մարգարյանի սպանությունը ազգային հողից տեղափոխել կենցաղային հող

Սեպտեմբեր 26,2012 12:53

«Գուրգենը բարի հսկայի տպավորություն էր թողնում, ֆիզիկապես ուժեղ, ընկերասեր, մարդամոտ էր»,- այսօր՝ Հունգարիայում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից դաժանաբար սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի ծննդյանը օրը, ասուլիսի ժամանակ այսպես բնութագրեց Հունգարիայում զորավարժությունների մասնակից, Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի քարտուղար Հայկ Մակուչյանը:

Անդրադառնալով վերջին շրջանում ադրբեջանցիների շահարկումներին, թե հայերը Հունգարիայում ադրբեջանցիներին ծաղրել են ու անարգել ադրբեջանական դրոշը, պարոն Մակուչյանն ասաց. «Ադրբեջանցիները ոչ մի միջոցառման ակտիվորեն չէին մասնակցում, եթե մեկ-մեկ չտեսնեինք, կարող է ոչ ոք չհիշեր: Ռամիլ Սաֆարովին 1-ի օրը տեսել ենք, բարեւել, հարցրեց Հայաստանի՞ց եք, հետո ասաց` մենք եղբայրներ ենք: Այնտեղ նշել են դրոշի անարգելու մասին, բացարձակապես սուտ է ու դա դատարանի վճռի վրա է հիմնված: Այդ շահարկումների վերաբերյալ ոչ մի ապացույց դատարանում չի ներկայացվել: Նույնիսկ եթե տխուր չլիներ, կարելի էր ծիծաղել: Այնտեղ ընդհանրապես դրոշ չկար, ու տարբեր ազգությունների մարդիկ ցուցմունք են տվել, որ նման բան չի եղել…նրանք ուզում էին ամեն ինչ արդարացնել: Իրենց երկրում կարող են հերոսացնել, դրսում ինչ-որ պատճառ պետք է բերեն: Ամբողջ խոսակցությունը նրա համար է, որ ազգային հողից սպանությունը տեղափոխեն կենցաղային հող: Նույնիսկ նշում էին ծայրահեղ հուզմունքի մեջ է արվել, բայց նրա պահվածքը, նախապատրաստումը՝ կացնի գնումը որեւէ կենցաղային, անհատապես մեր հետ կապված չէ»:

Ասուլիսին ներկա իրավունքի միջազգային փորձագետ Լեւոն Գեւորգյանի համոզմամբ, Հունգարիայում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության հարցով եվրոպական կառույցները կարող են Ադրբեջանին քաղաքական լծակներով ճնշել. «Բացի Մարդու իրավունքների կոնվենցիայի խախտումից, գործ ունենք նաև խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի հավանական խախտման հետ: Դա ասում է, որ յուրաքանչյուր պետություն պետք է սեփական տարածքում արգելի էթնիկ խտրականությունը և ընդհանրապես պատժի խտրական դրսևորումները: Երբ գործ ունենք խտրականության հիմքով կատարված սպանության հետ, որի համար ներում է շնորհվել, ապա կոնվենցիայի ակնհայտ խախտում է: Իհարկե, այս կոնվենցիայի հիման վրա եվրոպական դատարան հնարավոր չէ մտնել, հնարավոր է գնալ ՄԱԿ-Ի արդարադատության միջազգային դատարան: Եթե տեսականորեն ենթադրենք, որ միջազգային դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը խտրականություն է դրսևորել հայերի նկատմամբ, որովհետև հայի սպանությունը գովերգում ու այդ սպանության համար ներում է շնորհվում՝ մենք, ըստ էության, մոտ ենք գալիս այն հարցին, թե ինչ քաղաքական հետևանք կարող է ունենալ նման որոշումը: Այսինքն, միջազգային դատական ատյանի արձանագրումը, որ պետությունն իրականացնում է խտրական քաղաքականություն, ինքնին ապացույց է, որ հայ ազգբնակչության բնակվելն այդ պետության տարածքում ինքնին վտանգավոր է»:

Փորձագետը թվարկեց մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմելու հավանական հայցերը ՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի, Հայաստանն ընդդեմ Հունգարիայի կամ Ադրբեջանի, իսկ եթե խոսքը գնում է միայն ազգային խտրականության հողի վրա սպանության մասին, ապա հայցը կարող է լինել միայն Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի: Ըստ նրա, մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի պահանջը պետք է լինի մեկը՝ կյանքի իրավունքի ոտնահարում եւ կյանքի իրավունքներից բխող ընթացակարգերի ոտնահարումն Ադրբեջանի կողմից:

Հունգարիայի դատարանի կողմից տուժող ճանաչված Հայկ Մակուչյանն էլ հավելեց, որ Սաֆարովին չդատապարտելը ոտնահարում է իր իրավունքները, եւ ինքը մտադիր է դիմել միջազգային դատական ատյաններ: Ըստ նրա, դեռ դատարան դիմելու ժամկետները հստակեցված չեն, այդ ուղղությամբ իրավաբանների խումբ է աշխատում: Նա հիշեցրեց, որ մարդասպանն իր դուռն էլ էր կացնահարել, ու եթե ոստիկանությունը օպերատիվ այդ օրը չաշխատեր, մարդասպանը կիրագործեր իր մտադրությունը եւ Գուրգենին սպանելուց հետո՝ իրեն էլ կկացնահարեր:

Պարոն Գեւորգյանն էլ հավելեց, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի հայցը քննվելու համար 3-6 տարի է պետք: Իսկ նյութական հատուցման պահանջը կարող է հասնել մի քանի տասնյակ հազար եվրոների:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930