Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամում մեկնարկեց «No Style» երիտասարդ նկարիչների ամենամյա երկրորդ ցուցահանդեսը: Ըստ միջացառման մտահաղացման հեղինակ, կազմակերպիչ և պատասխանատու Գոռ Գեղամյանի՝ ցուցահանդեսը հնարավորություն է տալիս երիտասարդներին ներկայանալու, իրենց աշխատանքները ցուցադրելու եւ միմյանց ճանաչելու.«No Style»-ը հնարավորություն է ընձեռում համախմբել տարբեր տարիքի, սեռի, տարբեր ոճերում նկարող երիտասարդ նկարիչների: Սա լավ հնարավորություն է այս բնագավառում էլ ավելի զարգանալու համար»,-ասում է նա: Ցուցահանդեսին իրենց աշխատանքներն են ներկայացնում շուրջ 17 նկարիչներ, ովքեր սովորում են տարբեր ուսումնական հաստատություններում, բնակվում ՀՀ տարբեր մարզերում: «Մի քանի նվիրական ցանկություն ունեմ, բայց առաջնային ցանկություններիցս մեկը անհատական ցուցահանդես ունենալն է»,-ասում է 21-ամյա Եվա Բաղդասարյանը: Նա Հրազդանից է եւ ցուցահանդեսների մասնակցելու բավականին մեծ փորձ ունի:
Մեզ հետ զրույցում Գոռ Գեղամյանը նշեց, որ ցուցահանդես կազմակերպելն այնքան էլ դյուրին աշխատանք չէ, հատկապես, երբ հովանավորներ չունեն. «Հիմնականում խնդիր առաջանում է տարածքի եւ ֆինանսի հետ: Շատ կցանկանայի, որ մեր հիմնական տարածքն ունենայինք, որտեղ երիտասարդները կշարունակեն ներկայացնել իրենց աշխատանքները: Արվեստը շրջանակներ չի ճանաչում: Այսօրվա նկարներն, անգամ նկարների դասավորությունը աբստրակտ կերպով է արված»,-ասում է նա:
«No Style» Երիտասարդ նկարիչների ամենամյա երկրորդ ցուցահանդեսը կազմակերպվում է Normitq.am Երիտասարդական Պորտալի, «Նոր Միտք – Ռենեսանս» Երիտասարդական Հասարակական Կազմակերպության և Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի կողմից:
Երիտասարդ նկարիչները «No Style» -ի շրջանակներում մեկ շաբաթ շարունակ հանրությանը կշարունակեն ներկայացնել իրենց նկարները: Ցուցահանդեսը բաց է մինչև հոկտեմբերի 1-ը:
Քրիստինա Միրզոյան