Աբովյանի թիվ 8, թիվ 6 եւ թիվ 24 ընտրատեղամասերում երեկ` սեպտեմբերի 25-ի ուշ երեկոյան, ավարտվել է վերահաշվարկը, ըստ որի` սեպտեմբերի 23-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների վերջնական արդյունքները չեն փոփոխվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թիվ 28 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիրակ Մեսրոպյանը: Նրա խոսքով` վերահաշվարկի արդյունքում մեկ քվեաթերթի տարբերություն է եղել եւ մեկ ձայնով ավելացել է Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի քվեները:
Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի թեկնածու, «Աբովյան» հեռուստաընկերության հիմնադիր, Ղարաբաղի ինքնապաշտպանության ժամանակ «Դահրավ» ջոկատի հրամանատար, որպես «Հազարապետ» հայտնի Արտաշես Մեհրաբյանը դիմել էր ընտրատարածքային հանձնաժողով` թիվ 8, թիվ 6 եւ թիվ 24 ընտրատեղամասերում վերահաշվարկ կատարելու պահանջով:
Կիրակի օրը Աբովյանում անցկացված քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքներով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան` Կարապետ Գուլոյանը, վերընտրվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի քաղաքապետի պաշտոնում։
Նախնական տվյալներով, Գուլոյանը ստացել էր 10 հազար 186, իսկ Արտաշես Մեհրաբյանը` 1778 քվե։