Ucom ընկերությունը Երեւանում հաճախորդների բավականին լայն ցանց է ընդգրկել, թերեւս առաջ անցնելով քաղաքում գործող կաբելային մյուս ծառայություններից: Պատճառներից մեկը թերեւս առաջարկված ծառայության փաթեթային մատուցումն է, նաեւ դրա համեմատաբար մատչելի եւ որակյալ լինելը:
Հեռուստահաղորդումների երբեմն ընդհատումներն ու խափանումները թերեւս անխուսափելի են, սակայն հաճախորդների իրավացի դժգոհությունն են հարուցում, որովհետեւ ծառայության համար վճարը գանձվում է անկախ դրանից:
Շուրջ 100 եւ ավելի հայկական ու օտար հեռուստաալիքների ծրագրերին հետեւելու հնարավորությունը Ucom-ը դարձնում է նախընտրելի: Այս ծառայության փաթեթը ներառում է նաեւ հեռախոսակապի եւ ինտերնետային կապի տրամադրումՙ համապատասխան վճարի դիմաց:
Հեռուստալսարանի մի մասը սպորտային հաղորդումների, մասնավորապեսՙ ֆուտբոլային մրցախաղերի հետեւող է: Հայաստանում նույնպես սկսում է ձեւավորվել բոլորովին նոր որակների ֆուտբոլային երկրպագուների մի շերտ, որը դրսի որոշակի ավանդույթներ եւ սովորույթներ փորձում է տեղայնացնել մեզանում, ինչը լավ է, եւ դա կարծես հաջողվում է ինչ-որ չափով: Եվ պատահական չէ նրանց նախանձախնդրությունը ֆուտբոլային խաղերի հեռարձակման որակին ու մատուցմանը (մեկնաբանությանը): Վերջիններս հիմնականում հետեւում են HTB+ հեռուստաընկերության ֆուտբոլային հեռարձակումներինՙ վերը նշված որակների համար: Հայկական մի քանի հեռուստաընկերություններ (Հ1, «Արմենիա TV») ձեռք են բերել ֆուտբոլային միջազգային մրցաշարերի ցուցադրության իրավունք: Այս տարվա չեմպիոնների լիգայի առաջնության մցախաղերից հայկական ալիքներով («Արմենիա», ATV) ցուցադրվում են միայն երկուսը: HTB+ հեռուստաալիքով` մի քանիսը: Վերջինս ֆուտբոլասեր հեռուստադիտողին, բնականաբար, հնարավորություն է տալիս սեփական նախընտրությամբ հետեւելու իր ուզած մրցախաղին: Սակայն, ինչպես ամեն բան Հայաստանում, ալտերնատիվ հեռուստածառայություն մատուցողները նույնպես ենթարկվում են անտրամաբանական, ավելի շուտ ոչ բարոյական ազդեցությունների: Սրա վկայությունն է, օրինակ, HTB+ հեռուստաընկերության` չեմպիոնների լիգայի խաղերի ուղիղ հեռարձակումների դադարեցումը, ինչը զրկում է հեռուստադիտողին իր վճարի դիմաց պարտադիր ստանալիք ծառայությունից, որովհետեւ ստիպված է լինում միայն հայկական հեռուստաալիքով հետեւելու հեռարձակվող խաղինՙ չունենալով ուրիշ այլընտրանք, որով խախտվում է կաբելային հեռուստածառայություններիՙ բաժանորդի հետ կնքած պայմանագիրը:
Կարդացեք նաև
Ի՞նչն է պատճառը: Ինչպես տեղեկացանք գործող 3 կաբելային հեռուստածառայություններից (Ucom, Ինտերակտիվ, Եվրոկաբել) Հայաստանի Հանրապետությունում միայն «Հ1» եւ «Արմենիա TV» ընկերություններն են բացառիկ իրավունք ստացել ֆուտբոլային խաղերի միջազգային առաջնությունների հեռարձակման: Այս տարվա չեմպիոնների լիգայի առաջնության ցուցադրման բացառիկ իրավունքը ձեռք է բերել «Արմենիան» (կազմակերպիչներից գնել է), իսկ կաբելային հեռուստատեսություններին հրահանգվել է դադարեցնել ֆուտբոլային խաղերի բոլոր ուղիղ հեռարձակումները: Որքան էլ դա իրենց շահերից չի բխում եւ որքան էլՙ հաճախորդ կորցնելու հնարավոր հեռանկարը կա, իրենք ենթարկվում են որոշմանը, քանի որ հակառակ պարագայում նրանց սպառնում է տուգանք: Սա արդեն մոնոպոլիա է:
Հայ հեռուստադիտողի հետեւությունը (ելնելով հայաստանյան կյանքային փորձից եւ տիրող բարքերից) մեկն էՙ հնարավորինս շահ ակնկալելը. «Արմենիան» դառնալով բացառիկը եւ միակ ցուցադրողը, ավելի լայն լսարան կապահովի եւ լավագույն առիթը կունենա գովազդի քանակը, նաեւ գինը բազմապատկելու:
«Ազգ»