Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի եւ Մեհրիբան Ալիեւայի հայրական կլանի միջեւ լարվածություն կա

Սեպտեմբեր 26,2012 10:42

Որոշ ժամանակ առաջ Բաքվի լրատվամիջոցներից մեկը գրել էր ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի եւ իշխող ընտանիքի միջեւ ծագած լարվածության մասին: Ըստ այդմ, Սեիդովը կտրուկ խնդիր էր դրել, որպեսզի փոխվի այսպես կոչված «ԼՂ ադրբեջանական համայնք»-ի ղեկավար Բայրամ Սաֆարովը, որը «դիվանագետների հետ խոսել իսկ չի կարողանում»: Տեղեկություններ կան, որ Սաֆարովը Իլհամ Ալիեւի աներոջ բիզնես գործընկերն է, եւ նրա հասցեին քննադատությունը Մեհրիբան Ալիեւան եւ քույրը` Նարգիզ Փաշաեւան ընկալել են «որպես անձնական վիրավորանք»: Նույն լրատվամիջոցը` «Պոլիգոն» տեղեկատվական-վերլուծական կայքը, կանխատեսել էր, որ Սեիդովին «սպասում են լուրջ փորձություններ»:

Եվ ահա contact.az-ը տեղեկագրում է, որ «Վերահսկիչ պալատի կողմից Ադրբեջանի պետական լեզվաբանական համալսարանում բացահայտված օրինախախտումների հիման վրա հարուցվել է քրեական գործ` քրօրի 179.3.2 (առանձնակի խոշոր չափերով յուրացում եւ վատնում) եւ 313 (պաշտոնեական զեղծարարություն) հոդվածի հատկանիշներով»: Ինչպես դատախազությունից հայտնի է դարձել «Թուրան» գործակալությանը, «համալսարանի նյութական պատասխանատու աշխատողները թույլ են տվել մի շարք օրինախախտումներ, մասնավորապես մանկավարժներին սխալ են վճարել բարձր հավելավճարներ, մի քանի աշխատակցի համար սահմանվել է չափազանց բարձր աշխատավարձ, համալսարանի աշխատակից չհանդիսացող անձանց անունով բացվել են աշխատավարձի քարտեր, դրանցում արված փոխանցումների միջոցով պետական խոշոր չափի գումարներ են յուրացվել»:

Օրինախախտումներ են բացահայտվել նաեւ չկայացած միջոցառումների անվան տակ դրամական միջոցներ դուրս գրելու եւ տրանսպորտային միջոցների շահագործման գումարների յուրացման ձեւով: Ընթանում է նախաքննություն: Ի՞նչ կապ ունի այս ամենը ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի հետ: Միանգամից ասենք` կապն ամենաուղղակի է, քանի որ Ադրբեջանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորը, այսինքն` առաջին նյութական պատասխանատու պաշտոնյան, նույն ինքըՙ Միլլի մեջլիսի պատգամավոր, արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովն է:

Այս առումով ծագում են որոշակի հարցեր: Սեիդովի եւ Մեհրիբան Ալիեւայի հայրական կլանի միջեւ լարվածությունը ամիսների պատմություն ունի, բայց այդ ընթացքում նա շարունակել է գլխավորել ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակությունը: Դրանից կարելի է ենթադրել, որ նա Իլհամ Ալիեւի կողմից ընդունված անձ է: Մինչդեռ նրա գլխավորած ուսումնական հաստատությունում Վերահսկիչ պալատի արած բացահայտումներն էլ գալիս են հակառակը փաստելու` որ Սեիդովը իշխող ընտանիքի համար անցանկալի է: Կարելի՞ է ենթադրել, որ եւ Վերահսկիչ պալատը, եւ դատախազությունը գործել են ոչ թե Իլհամ Ալիեւի, այլ` Մեհրիբան Ալիեւայի ցուցումով:

Հնարավոր է նաեւ այդ տարբերակը: Ինչպես եւ հավանական է, որ Իլհամ Ալիեւը պարզապես հերթական ներկայացումն է բեմադրում «կոռուպցիայի դեմ պայքարի» թեմայով: Սամադ Սեիդովը ԵԽԽՎ-ում փոխարինել է հենց Իլհամ Ալիեւին: Եվ ավելի քան 10 տարի անմռունչ խաղացել է խեղկատակի` իրեն վերապահված դերը: Իշխող ընտանիքի համար նա դարձել է գլխացավանք: Եվ մի քանի տարի կանցկացնի բանտում, որպեսզի այլեւս ոչ ոքի մտքով չանցնի քննադատական խոսք հնչեցնել ոչ միայն իշխող ընտանիքի, այլեւ նրա բիզնես բարեկամների հասցեին: Կամ էլ Սեիդովին կդարձնեն «ԼՂ ադրբեջանական համայնք»-ի ղեկավար եւ նրա փոխարեն Ստրասբուրգ կուղարկեն Բայրամ Սաֆարովին: Որպեսզի ԵԽԽՎ-ում զգաստանան. չէ՞ որ Սաֆարով է նաեւ «բալթաջիի» ազգանունը:

 

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930