Արդեն այսօր նկատելի է, և երևի թե այդ առումով որևէ կասկած չկա, որ Հայաստանի նախագահական հերթական ընտրությունները անցկացվելու են ոչ թե գաղափարական և ծրագրային պայքարի, այլ ինտրիգների, խարդավանքների, քաղաքական մանիպուլյացիաների, երեսպաշտության և խոշոր հաշվով խաբեության ու ինքնախաբեության մթնոլորտում: Համենայնդեպս, նախանախընտրական շրջանի, այսպես ասած` թեժ աշնան մեկնարկը ցույց է տալիս, որ քաղաքական դաշտից պետք չէ սպասել ավելին:
Հենց միայն այն, որ պայքարի հիմնական երկու սուբյեկտները լինելու են ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, իսկ դա արդեն իսկ կարծես թե դարձել է անբեկանելի մի իրողություն, հուշում է կամ վկայում, որ գաղափարական կամ ծրագրային պայքար սպասելն իզուր է: Կարո՞ղ է արդյոք քաղաքական դաշտում որևէ ուժ փոխել այդ պատկերը: Տեսականում՝ գուցե, բայց գործնականում դա ուղղակի անհիմն լավատեսություն է: Եվ այստեղ ամենևին հոռետեսական տրամադրություններ սերմանելու խնդիր չկա: Անհրաժեշտ է սթափ ու ռացիոնալ գնահատել իրավիճակն ու ընդունել, որ հասարակությունը և քաղաքական դաշտը նախագահական այս ընտրություններում ի զորու չեն լուծելու լուրջ խնդիրներ և գլոբալ առումով միջամտելու ՀՀԿ-ԲՀԿ պայքարին: Իսկ այդ պայքարը ընդամենը պայքար է իշխանության համար, պայքար է բիզնես քվոտաների համար, պայքար է 2017-18 թվականներին իշխանության պահպանման համար:
Այսինքն` Հայաստանի համար գալիք նախագահական ընտրությունները, խոշոր հաշվով, լինելու են ժամանակի հերթական կորուստը, հերթական բաց թողնված հնարավորությունը, հերթական կրակված դատարկ փամփուշտը: Մի կողմից` ցավալի է այս ամենը խոստովանելը, մյուս կողմից` ի վերջո սա մի իրողություն է, որին Հայաստանը եկել է բոլորիս աչքի առաջ, հետևաբար` այս ամենից ցավեր ապրելու փոխարեն, անհրաժեշտ է պարզապես անել հետևություններ և եզրակացություններ, գտնել Հայաստանն այդ արատավոր հունից դուրս բերելու նոր լուծումներ: Որովհետև, ի տարբերություն հասարակության, իշխանությունը Հայաստանում գտնում է իր համար անհրաժեշտ նոր լուծումները, վերարտադրության նոր ճանապարհները: Եվ այս առումով հասարակությունը, խոշոր հաշվով, սկսել է հետ մնալ իշխանությունից:
Լոկալ հարցերում լինելով բավական պրոգրեսիվ` գլոբալ իմաստով հասարակությունը ունի շատ խնդիրներ: Իշխանությունն օգտվում է հենց դրանից, սեփական նեղ խնդիրները հանգիստ կերպով մատուցելով որպես երկու ուժերի միջև սկզբունքային պայքար: Այդ պայքարն իրականում կա իհարկե, բայց այն ամենևին սկզբունքային չէ և լավագույն դեպքում կարող է Հայաստանը լճացման տանել, որը գուցե հեշտ կլինի շփոթել առաջընթացի հետ, բայց առաջընթաց չի լինի ըստ էության:
Կարդացեք նաև
«Ժամանակ»