2011թ. հուլիսի 24-ին տեղի ունեցած վիճաբանության ընթացքում 45-ամյա Վազգեն Պետրոսյանը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանին սպանելու սպառնալիքներ է հնչեցրել եւ փորձել է ուրագով խփել նրա գլխին:
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ սույն գործը քննվում է իրենց մոտ: 45-ամյա Վազգեն Սերոբի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա վիճաբանել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի հետ, որի ընթացքում սպանության սպառնալիքներ է տվել վերջինիս հասցեին եւ Վ.Պետրոսյանը ավտոմեքենայից վերցված ուրագով փորձել է հարվածել Ա.Ախոյանի գլխին:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել 137 հոդվածի 1-ին մասով`սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:
Տուժող Արագած Ախոյանը այս տարվա սեպտեմբերի 4-ին դիմում է ներկայացրել դատարան եւ հայտնել, որ Վազգեն Պետրոսյանի հետ հաշտվել է, նրա հետ որեւէ խնդիր կամ պահանջ, այդ թվում` գումարային, չունի, դատարանին խնդրել է քրեական գործի վարույթը կարճել եւ քրեական հետապնդումը դադարեցնել: Հիմք ընդունելով տուժողի խնդրանքը սեպտեմբերի 11-ին դատարանը որոշել է քրեական գործի վարույթը կարճել եւ Վազգեն Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` ամբաստանյալի հետ տուժողի հաշտվելու պատճառաբանությամբ: