Այսօր փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Գյումրու ամենավերջին տնակային երաժշտական դպրոցի հիմնարկեքի արարողությունը: Այն գտնվում է Նորավան թաղամասում և թվով 6-րդն է: Նշենք, որ երկհարկանի երաժշտական դպրոցը կառուցվում է համաշխարհային ռոք աստղեր Յան Գիլանի, Թոնի Այոմիի, Ջեֆ Դաունսինի, ինչպես նաև ՀՕՖ-ի և ամերիկահայ բարերարներ Էդվարդ և Ժանետ Մարդիգյանների հովանավորությամբ: Այս հարցում մեծ մասնակցություն է ունեցել նաև «Մեդիամաքս» գործակալությունը, որը 2009 թվականին Հայաստան է հրավիրել Յան Գիլանին`«Deep Purple»-ից, Թոնի Այոմիին `«Black Sabbath»-ից, Ջեֆ Դաունսին` «Yes/Asia»-ից և Ջոն Դիին, ով գլխավորում է Ավստրալիայում գտնվող «Do Something» կազմակերպությունը: Վերջիններս, այցելելով Գյումրու «դոմիկի» մեջ գտնվող, ժանգոտ վառարաններով տաքացող երաժշտական դպրոց ու շփվելով տաղանդավոր երեխաների հետ, որոշել են նվեր անել նրանց: Այդ նպատակով ՀՕՖ-ը, «Մեդիամաքսը» և «Do Something»-ը եռակողմ համաձայնագիր են ստորագրել:
Երգիչները գումար ձեռք բերելու նպատակով տարբեր սկավառակներ են թողարկել, համերգներ տվել, նրանց հավաքագրած գումարն էլ եռապատկել է ամերիկահայ Էդվարդ և Ժանետ Մարդիգյանների բարեգործ ընտանիքը: Դպրոցի նոր շենքը պատրաստ կլինի 2013 թվականի հուլիսին, վերջինիս վրա կծախսվի 450 հազար դոլար:
Կարդացեք նաև
Մեզ հետ զրույցում երաժշտական դպրոցի տնօրեն Հարություն Ասատրյանն ասաց, որ թեև տնակների «երաշխիքը» 5 տարի է, սակայն իրենք 23 տարի է՝ փայտաշեն տնակներում են գոյատևում, որի համար մեդալ է հասնում: Նա նաև շեշտեց, որ եթե չլինեին սրտացավ մարդիկ, բարերարները՝ երաժշտական դպրոց կառուցող չէի լինի, քանի որ Գյումրիում մտածում են առաջին հերթին մարդկանց տներով ապահովելու մասին: Դպրոցն ունի 220 աշակերտ, և ինչպես պարծեցավ տնօրենը. «Ջանքեր ենք գործադրել, լավ աշակերտներ ենք ցուցադրել, անտեղի տեղը չեն եկել և սարքում են դպրոցը»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ