Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի քաղաքապետարանը դիմել է արտակարգ իրավիճակների նախարարություն

Սեպտեմբեր 25,2012 21:42

Արխիվային լուսանկար

Օրեր առաջ Կապանի  Շահումյան բանավանի մոտակայքում` «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության հարակից տարածքում, սողանքային երեւույթների արձանագրման եւ հողի մակերեսի ճեղքվածքի առաջացման  պատճառների բացահայտման, մասնագիտական եզրակացության  տրամադրելու աջակցությամբ` Կապանի քաղաքապետարանը դիմել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին` խնդրելով միջոցներ ձեռնարկել  արտակարգ իրավիճակը փորձաքննության ենթարկելու, ռիսկայնությունը գնահատելու  նպատակով:

«Մենք տեղում հնարավորություն չունենք գնահատելու իրավիճակը, պարզելու  ստեղծված իրավիճակի պատճառները, այստեղ պետք է զուտ մասնագիտական մոտեցում ցուցաբերվի, մասնագիտական գնահատական տրվի, որը հնարավոր է ստանալ միայն համապատասխան պետական լիազոր մարմնից: Մինչեւ չիմանանք այդ ամենի պատասխանները, չենք կարող քայլեր ձեռնարկել:   Այդ իսկ պատճառով դիմել ենք ԱԻՆ, ակնկալում ենք նախարարության աջակցությունը, որպեսզի մասնագիտական խումբ այցելի եւ տեղում ուսումնասիրի իրավիճակը: Սողանքի պատճառների ուսումնասիրությունը կարեւոր նշանակություն ունի  համայնքի սոցիալ տնտեսական բնականոն ընթացքն ապահովելու համար», – տեղեկացրեցին Կապանի քաղաքապետարանից:

Սողանքավտանգ գոտին գտնվում է Երեւան-Մեղրի ավտոճանապարհի հարող տարածքում եւ ինչպես տեղեկացրել էինք նախորդ հրապարակումներում` հնարավոր փլուզման դեպքում հողի մեծ զանգվածը  կլցվի եւ կփակի 200 մ հեռավորության վրա գտնվող միջպետական ճանապարհը, կլցվի «Դինո գոլդի» տարածք, բացի այդ` տվյալ հատվածում են տեղակայված նաեւ էլեկտրացանցերի բարձրավոլտ հզորությամբ էլեկտրական հենասյունը եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից շահագործվող ջրամբարները:

Ներկա դրությամբ տեղանքը շարունակում է սողանքավտանգ համարվել, տարածքում տեղադրված են զգուշացնող վահանակներ, որոնցով  արգելվում է մարդկանց մուտքը տվյալ տարածք:  Այս պահին դեռեւս հստակ պարզ չեն սողանքային երեւյթների ակտիվացման պատճառները, մասնագիտական որեւէ եզրակացություն չկա,  միայն շրջանառվում են տարբեր ու չճշտված վարկածներ` երկրաշարժի ազդեցության, տվյալ տեղանքում երկար ժամանակ հոսող ջրերի, մարդկային գործոնի, հանքի շահագործման, ստորգետնյա հանքում շարունակ տեղի ունեցող պայթեցումների եւ այլ գործոնների հնարավոր ազդեցությունների վերաբերյալ, որոնք հավանական է՝  նպաստած կամ պատճառ հանդիսացած լինեն  սողանքային երեւույթի ակտիվացման համար:

Փորձեցինք խնդրին առնչվող  ինֆորմացիա ստանալ նաեւ «Դինո գոլդից», ինչը դեռեւս չի հաջողվում:

Նշենք, որ Շահումյան բանավանի մոտակայքում գրանցված սողանքային երեւույթների ակտիվացման վերաբերյալ 2 ահազանգ է ստացվել Սյունիքի մարզային փրկարարական վարչություն: Առաջինը` օգոստոսի 20-ին, իսկ երկրորդ ահազանգը եղել է 2 օր անց, որի ժամանակ էլ օպերատիվ խումբն արձանագրել է, որ հողի ճեղքը նախորդ ահազանգի օրվա համեմատ ավելի է  մեծացել:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930