Օգոստոսի 25-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ առողջապահական թեմաներով հրավիրված խորհրդակցության ժամանակ վարչապետը նշել է. «Պետք է հասկանալ, թե այս բնագավառում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական աճի միտումներն ինչու են նվազել 4,4 տոկոսով, չնայած այն հանգամանքին, որ առողջապահության ոլորտում բավականին լուրջ միջոցառումներ ենք իրականացրել ծառայությունների ավելացման և ստվերի նվազման նպատակով: Մասնավորապես, նախորդ տարվա համեմատ ֆինանսավորումը չի պակասել, բացի այդ, ներդրվել է ապահովագրական մեծ փաթեթը: Այս կարևոր գործոններն առկա են ՀՆԱ-ի աճին նպաստելու համար: Կարծում եմ՝ այստեղ մեկ բացատրություն գոյություն ունի՝ ավելացել է ստվերայնությունը: Այսինքն, բուժհիմնարկները թաքցնում են իրական հաշվետվությունների ծավալը, և մենք յուրաքանչյուր հիվանդանոցում պետք է ստուգումներ իրականացնենք»:
Կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ վարչապետը զարմանքով է արձանագրել, որ Առողջապահության նախարարությունում ըստ բուժհաստատությունների ամսական մոնիթորինգ գոյություն չունի, հաշվետվությունների հավաքագրման ուղղությամբ նախարարությունում միջոցառումներ չեն ձեռնարկվել և փաստացի բացակայում են համախառն ներքին արդյունքի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշները:
Տիգրան Սարգսյանը հանձնարարել էր ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին իր գլխավորած գերատեսչությունում ներդնել մոնիթորինգային համակարգ և յուրաքանչյուր ամիս հանրապետության 466 բուժհաստատություններից օպերատիվ կերպով պահանջել համապատասխան հաշվետվություններ:
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը զարմացած է, որ վարչապետն իր մոտ է հրավիրել առողջապահության նորանշանակ նախարարին եւ նման հարցեր քննարկել, մինչդեռ, տրամաբանությունը հուշում էր, որ առողջապահության զարգացման ծրագերի շուրջ պետք է քննարկում լիներ: «Այսօր ՀՆԱ-ի 1,6 տոկոսն է տրվում առողջապահությանը: Բայց, պարզվում է, այդ գործունեությունից ակնկալվում է հարկեր հավաքել եւ տնտեսական զարգացման խնդիր ապահովել: Չի կարելի բնակչության առողջության հաշվին բյուջեի համալրման ֆիսկալ խնդիր լուծել: Ինձ թվում է, որ վարչապետն իր տնտեսագիտական մտքով պետք է որ անդրադառնար այն հարցին, թե ինչո՞ւ են հարկային պարտավորություներ առաջանում առողջապահության համակարգում: Առողջապահության համակարգում ցանկացած գումար այսօր պետք է ներդնել ավելի լավ առողջություն արտադրելու եւ ձեւավորելու մեջ պետք է ներդրվի»,- ասում է նախկին նախարարը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Առողջապահության նախկին նախարարի այլ դիտարկումները, մասնավորաբար, դեղորայքային շուկայում գնումների կարգավորման գործընթացի մասին, կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»