Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) պատվիրակությանը` Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ, Հայ օգնության ֆոնդի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի գլխավորությամբ:
Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայ օգնության ֆոնդի հայրենանվեր գործունեությունը, ընդգծելով, որ ՀՕՖ-ը Հայաստանի կողքին է եղել մեր ժողովրդի համար ամենադժվարին պահերին: «Ստեղծվելով 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո՝ ՀՕՖ-ը ոչ միայն աջակցեց, օգնության ձեռք մեկնեց աղետից տուժած մեր ժողովրդին, այլ դրանից հետո էլ շարունակեց մասնակցություն ունենալ նորանկախ Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման գործում, որովհետև, ցավոք, երկրաշարժը միակ արհավիրքը չէր, որին մենք պետք է դիմակայեինք»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը ողջունելի է համարել, որ ֆոնդը Հայաստանում իր օգնության ծրագրերն աստիճանաբար փոխարինում է զարգացման ծրագրերով, ինչը Հանրապետության ղեկավարի համոզմամբ, շատ կարևոր է երկրի զարգացման համար՝ նկատի առնելով, որ նման բնույթի ծրագրերում դրված միջոցներն աշխատում են և տևական ժամանակահատվածում իրենց նպաստը բերում տնտեսության զարգացմանը: Սերժ Սարգսյանն իր և ամբողջ հայ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել ՀՕՖ-ի ղեկավարությանը, բոլոր աշխատակիցներին և այն դոնորներին, ովքեր մշտապես իրենց նվիրատվություններով հնարավոր են դարձնում ֆոնդի գոյությունը: «Բոլորիս նպատակն է ունենալ զարգացած, ուժեղ պետություն և լավ Հայաստան կառուցելու շուրջ համախմբված ժողովուրդ: Սփյուռքը ուժեղ է Հայաստանով, Հայաստանն էլ ուժեղ է իր սփյուռքով»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Կարդացեք նաև
Հանդիպմանը ՀՕՖ-ի ատենապետ Ռենդի Սապահ-Գուլյանը Նախագահին ներկայացրել է տարբեր ոլորտներում ֆոնդի ծրագրերն ու գործունեության հիմնական ուղղությունները: Պատվիրակության անդամների հետ Հանրապետության ղեկավարը խոսել է Հայաստանի տնտեսությանը, ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ, պատասխանել ՀՕՖ-ի անդամներին հետաքրքրող հարցերին: