Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքի մարզպետը հակադարձում է Լեւոն Տեր-Պետրոսյանին. պարզվում է՝ մկա ձուկ էլ կա, մկա կարտոֆիլ էլ կա

Սեպտեմբեր 25,2012 19:11

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Գեղարքունիքի մարզում նախընտրական քարոզարշավների ժամանակ ասել էր՝ «Պատերազմի ժամանակ գոնե այստեղ լիճ կար, կարողանում էիք ձկով բանով մի կերպ ձեր ընտանիքները պահել»: Երբ վարդենիսցիներից մեկը նկատեց՝ «մկա ձուկ էլ չկա», Լեւոն Տեր-Պետրոսյանը հաստատեց՝ «ճիշտ եք ասում՝ մկա ձուկ չկա, մկա մենակ մուկ կա»:

Այսօր Aravot.am-ը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանից հետաքրքրվեց՝ տեղի՞ն են բողոքում բնակիչները, որ ձեր մոտ «մկա ձուկ չկա»: Մարզպետը պատասխանեց, որ տեղյակ չէ, թե այդ ժամանակ ինչ հանդիպում է եղել եւ գյուղացիներն ինչից են բողոքել. «Իրականում այսօր ձկան պաշարը Սեւանա լճում դա ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպման ժամանակ է բարձրացվել միայն, այլ՝ բազմաթիվ անգամ են բարձրացվել, տարբեր տեսակի հանդիպումներ են եղել նաեւ բնապահպանության նախարարի հետ հանդիպումների ժամանակ: Իրականում դա մասնագիտական, գիտական խնդիր է: Կա համապատասխան հանձնաժողով, որը զբաղվում է դրանով: Ես տեսնում եմ, որ բավականին ծրագրեր են իրականացվում պետության կողմից, եւ պետբյուջեից գումարներ են հատկացվում ձկնաբուծության զարգացման ուղղությամբ: Բավականին մեծ աշխատանքներ են կատարվել եւ շարունակվում են: Ոչ միայն ձկնաբուծության, այլ ընդհանուր առմամբ Սեւանի խնդիրները լուծվում են: Ստեղծված է նախագահին կից Սեւանի հիմնախնդիրներով զբաղվող հանձնաժողով: Պարբերաբար հանձնաժողովը նիստեր է հրավիրում, Սեւանի հետ կապված ցանկացած խնդիր քննարկում եւ համապատասխան որոշումներ է կայացվում»:

Մարտունեցիների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ առաջնորդը նշել էր՝ «Իմ ժամանակ լավ էլ նորմալ գյուղատնտեսություն ունեիք, կարտոֆիլը 2 անգամ ավելի շատ բերք էր տալիս, լավ էլ ապրում էիք: Հետո ուրիշ բան եղավ: Հետո ի՞նչ արեցին, ընկաք պարտքերի տակ, եկան վերցրին, հողերը մեծացրին, տարան ձեր ապրանքն ուրիշներին ծախեցին ու ըտենց քյասիբցաք»: Գեղարքունիքի մարզպետը չհամաձայնեց ընդդիմության առաջնորդի նաեւ այս պնդման հետ, թե հիմա կարտոֆիլի բերքի պրոբլեմ կա. «Չէի ասի: Բերքի հետ կապված խնդիրներ չկան: Այս տարի բավականին մեծ քանակությամբ կարտոֆիլի պաշար կա մեր մարզում եւ տարին նպաստավոր է եղել կարտոֆիլագործության առումով: Այսօր մենք բավականին մեծ պաշար ունենք: Կոնկրետ նախորդ տարի մենք շուրջ 200 հազար տոննա կարտոֆիլ ունեինք: Այս տարի դեռ բերքահավաքը նոր է սկսվել, առաջիկայում ամբողջությամբ կավարտենք՝ պարզ կլինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930