5 օր է` պաշտոնապես ամենաաղքատ ճանաչված Շիրակի մարզում, մասնավորապես Գյումրիում հացի գինը դարձյալ թանկացել է 10-20 դրամով, նախկին 110 -120 դրամի փոխարեն դարձել է 130-140 դրամ, որն էլ բնականաբար առաջացրել է բնակիչների զայրույթը:
Այսօր Շիրակի մարզի Ազատան համայնք այցելած գյուղնախարար Սերգո Կարապետյանը, խոսելով հացահատիկի բերքատվության մասին, ասաց. «Ցորենի բերքատվության միջին ցուցանիշը անցած տարվա հետ համեմատ, մի քիչ ցածր է մեկ հեկտարի հաշվով, բայց համախառն բերքը անցյալ տարվանից ավելի է, որովհետև մենք միայն աշունը և աշնանացան, և գարնանացան մոտավորապես 12 հազար հեկտար ավելի ենք ցանել հացահատիկային կուլտուրաներ»:
Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, այդ դեպքում ինչո՞ւ են անընդհատ աճում ալյուրի գները, ինչո՞ւ է թանկանում հացը: «Բոլորդ գիտեք , որ Հայաստանում էսպիսի կլիմա չէր եղել վերջին մի քանի տարիների ընթացքում. ջուրը քիչ է , խոնավությունը քիչ էր, ցորենը, երբ որ աշնանը ցանեցին, ծլարձակումը վատ կատարվեց, հետո դրանից անմիջապես հետո ցրտերն ընկան, մնացածը չեղավ, ցրտահարվեց, գարնանը էլի անձրևները ուշ եկան: Բերքատվությունը ցածր է, իսկ գների բարձրացումը համաշխարհային տենդենց է, ամբողջ աշխարհում է գների բարձրացում: Միայն Ամերիկայում, որը եգիպտացորենի աշխարհի առաջին արտահանող երկիրն է, ծավալներով ամենամեծը, այս տարի 45 տոկոս եգիպտացորենի գինը բարձրացել է այսօրվա վիճակով: Այսինքն էդ տենդենցը ամբողջ աշխարհում է նկատվում և ընդհանրապես պարենային ապրանքների գները տենդենց կա, որ բարձրանում են, էնպես որ՝ գյուղացին դրանից օգտվելու է: Իսկ գները շուկայում են ձևավորվում , մենք ոչ մի գին չենք կարող թելադրել ոչ գյուղացուն, ոչ վաճառողին, ոչ էլ գնորդին, էս տարի գները ցածր են` հատկապես պտուղբանջարեղենի: Հացահատիկի գինը բարձանում է , հացի գինն էլ որոշակի թանկացավ, որը կապված է միջազգային գների բարձրացման տենդենցի հետ: Մենք ճիշտ է ունենք տեղի շուկա, բայց մենք տարեկան արտադրում են 440 հազար տոննա և ներկրում ենք մոտավորապես 250-300 հազար տոննա, այսինքն ներկրվածն էլ մեծ նշականություն է ունենում մեր տեղական արտադրանքի վրա, չէ՞ որ ամբողջությամբ չենք կարողանում բավարարել մեր պահանջարկը»:
Նախարարը նաև ասաց, որ պարենային կարևոր ապրանքների գծով պահանջարկը ՀՀ կառավարությունը կարողանում է բավարարել միջինը 60 տոկոսի չափով:
Կարդացեք նաև
Ըստ Սերգո Կարապետյանի, այսօր Հայաստանը բացի մսամթերքից ու հացից , ամեն ինչ արտահանում է` բանջարեղեն, կարտոֆիլ, պտուղ, խմիչքներ, հյութեր:
Նշենք, որ Շիրակի մարզի կարտոֆիլ արտադրող ամենամեծ համայնքի` Ազատանի գյուղացիները ընդամենը մի քանի օր առաջ են մեզ բողոքել, որ գյուղնախարարությունը իրենց արտադրած կարտոֆիլի արտահանման ուղղությամբ մի քանի տարի է` ոչինչ չի անում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ