Բալզակն ասել է. «Սերն իր մեջ միավորում է մարդու բոլոր բարի հատկությունները», իսկ արդյոք կարո՞ղ են այդ հատկությունները ժամանակի ընթացքում անհետանալ: Երբեմն գալիս է մի պահ, երբ նայում ես նախկինում քեզ համար ամենասիրելի մարդուն և ասում՝ ես ատում եմ քեզ: Սիրուց ատելությու՞ն. ինչ է դա:
21-ամյա Մանե Սահակյանը չի էլ ուզում հիշել նրան, ում երբևէ սիրելին է համարել, «Ես հասկացա, որ նա ինձ երբեք էլ չի սիրել, հակառակ դեպքում չէր կարող մեկ ուրիշի հետ հանդիպել, – ասում է Մանեն,-hիմա ատում եմ նրան այդ քայլի համար. մեկ ամիս է, ինչ չենք տեսել միմյանց, և ես շատ ուրախ եմ, որովհետև նման տղամարդ ինձ պետք չէ»:
Իսկ 18-ամյա Անի Կարապետյանի համար չկա ավելի ատելի մարդ, քան իր նախկին ընկերն է, ասում է. «7 ամիս ընկերություն ենք արել, հետո սկսվեցին վիճաբանությունները… ամեն օր տհաճ խոսակցություններ, վեճեր, որոնք ավարտվեցին այն ժամանակ, երբ նա չկարողացավ իրեն տիրապետել և խփեց ինձ: Ես նման բան չէի սպասում նրանից… զարմանքն ու զայրույթը խառնվեցին իրար ու հասկացա, թե ինչքան եմ ատում, ասացի այդ մասին նրան ու հեռացա, դա էլ դարձավ մեր վերջին հանդիպումը»:
Հոգեբան Մարինե Բաբայանի խոսքով՝ սիրուց ատելություն երկակի զգացմունք է որևէ անձի նկատմամբ, այսինքն՝ կա զգացմունք, բայց կա նաև նեղվածություն ու հիասթափություն, թեև այդ ամենը անձնապես է դրսևորվում. «Ըստ իս՝ դա մի բևեռի երկու կողմն է, որոնցից մեկի անցումը մյուսի ոչ բոլորի մոտ է հաջողվում. հաճախ լինում է միջանկյալ մի զգացում, որը ոչ սեր է, ոչ էլ ատելություն, սակայն մարդկանցից շատերին թվում է, թե ատելություն է: Հաճախ խորը հիասթափությունն էլ է ատելություն համարվում, – նշում է հոգեբանն ու ավելացնում,- եթե մարդը բևեռային է իր պատկերացումներում, այսինքն՝ նրա համար կամ սև է կամ էլ սպիտակ, այդպիսի մարդու դեպքում հնարավոր է միանգամից անցում սիրուց դեպի ատելություն, մյուսների մոտ միջանկյալ այդ զգացումն է, որը հաճախ խորը հիասթափությունն է»:
Տիգրանուհի Թասլակյան