«Նախարարությունն ուզում է ցույց տալ, թե գործ է անում, մոնիթորինգ եւ այլն, բայց ոչինչ էլ չի արվում: Ի վերջո Խոսրովի արգելոց պետք է անսպասելի գնալ, որպեսզի ականատես լինել կատարված հանցագործություններին, քանի որ որսագողը հաստատ չի գալու մոնիթորինգ անողի աչքի առաջ կենդանուն սպանի, որ իրեն բռնեն»,- հայտարարում են բնապահպանները, որոնք պահանջում են ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրաժարականը:
«Եթե նախարարը մի քիչ պատասխանատվության զգացում ունենար, հրաժարական կտար՝ որպես ապիկար պաշտոնյա»,-հավելում են իրավաբան Մերի Խաչատրյանը, «Պահպանենք Խոսրովի արգելոցը» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Մարիամ Սուխուդյանը, Եղիա Ներսիսյանը, ովքեր ահազանգում են Խոսրովի արգելոցում կատարված հանցագործության մասին:
Պատասխանելով բնապահպաններին՝ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատեց, որ նախարարը մոտ երկու ամիս առաջ խորհրդատվության ժամանակ հանձնարարական է տվել, առանց իր հրամանի Խոսրովի արգելոց մուտք գործելու իրավունք չունենալու մասին: Ըստ նրա՝ «Սակայն բազմաթիվ ՀԿ-ներ, դպրոցներ, նամակով դիմել են նախարարին, քանի որ շատերն են ուզում գնալ, տեսնել: Արդյունքում խնդիրը ուսումնասիրվել է, նրանց ուղեկցող է միացել, այցելել են արգելոց»,-նշեց Ավալյանը, բնապահպաններին զգուշացնելով, որ ոչ միայն օրենք են խախտել՝ մտնելով արգելոց, այլեւ նախարարի հրամանը:
Բնապահպանների արձանագրած հանցագործության՝ մորթված, Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի, կովկասյան գորշ արջի ու նապաստակի հետ կապված էլ Ավալյանը հավաստիացրեց, թե կոնկրետ քայլեր են ձեռնարկել, բնապահպանության նախարարի հանձնարարականով ոստիկանությանը տեղյակ է պահվել կատարվածի մասին, եւ ամենայն հավանականությամբ գործ կհարուցվի. «Կուսումնասիրվի ընթացքը, հետո նոր լիարժեք պատկերացում կկազմենք արդյոք դեպքը տեղի է ունեցել Խոսրովի արգելոցում թե ոչ, կամ այդ արջը ինչպես է հայտնվել այնտեղ, մորթվել է, թե կենդանիներն են հոշոտել: Քննությունը դեռ կպարզի, թե դուք ոնց եք հայտնվել այնտեղ: Տեսանյութում ցույց եք տալիս, վերցրել արջի գլուխը, շուռ ու մուռ եք տալիս: Այդ ինչ է, ըստ ձեզ գազանանո՞ց է արգելոցը, ինչպես պատահեց, որ հենց դուք այդ արջը, նապաստակն ու այծը միանգամից տեսաք, ոնց եղավ որ դրանք հայտնվեցին այնտեղ այն ժամանակ, երբ դուք էիք այցելել»,- զարմացավ Ավալյանը:
Բնապահպանության նախարարության տեսչության ավագ տեսուչ Արթուր Բեգլարյանն էլ, որը որսագողության ոլորտի վերահսկողությամբ է զբաղվում, ասաց, որ բնապահպաններին պատասխանատվության կենթարկեն, եւ որ վերջինները պարտավոր էին ոչ թե աղմկել, այլ իրենց տեղյակ պահել արձանագրածի մասին: Ըստ նրա՝ «Տեսչությունը ամեն տարի մոտավորապես 160 որսագողության դեպք է հայտնաբերում ու իրենց շնորհիվ պետբյուջեն տարեկան 11-12 մլն դրամ է լցվում:
Ինչ վերաբերվում է այս անգամ մորթված կենդանիներին, ապա, ըստ Բեգլարյանի՝ վնասը կազմում է այծի համար՝ 3 մլն, նապաստակի՝ 8000 դրամ, արջի՝ 1 մլն դրամ, իսկ եթե պարզվի, որ խախտումը կատարվել է հատուկ պահպանվող տարածքում, ապա՝ դրանց հնգապատիկը, այսինքն երեքն իրար հետ՝ 20 մլն, 40 հազար դրամ»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ