«Ատկատներ ձեր մարզում չկա՞ն, ինչ-որ ատկատների մասին են խոսում»,- այսօր ԱԺ-ում 2011-ի բյուջեի կատարողականը ներկայացնելու ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սա հարցրեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: Նա վստահեցրեց. «Մեր մարզում նման երեւույթներ չկան»:
Նիկոլ Փաշինյանին բարկացրեց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի ներկայացրած հաշվետվությունը: Նա հորդորեց ներկաներին մտնել region.am կայքը եւ իրենց մարզի մասին տեղեկատվություն ստանալ այդ մարզից. «Հարաբերվեք էլեկտրոնային եղանակով»:
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես շնորհակալություն եմ հայտնում պարոն Շահգալդյանին, որ բարեհաճել է ժամանել, եւ skype-ով չի ներկայացնում իր հաշվետվությունը: Ասեմ՝ պետական բյուջեն ինչ է, բյուջեն ժողովրդի փողն է, որը դուք ծախսում եք: Թե չէ տպավորությունն այն է, որ եկել եք ասելու, որ բոլոր փողերը ծախսվել են, հանկարծ չլինի, որ մի 3 միլիոն չեք հասցրել ծախսել: Բոլորդ գալիս ասում եք՝ ծախսել ենք, ծախսել ենք, մի անհանգստացրեք: Չենք անհանգստանում: Բարի եղեք այդ հարցերին պատասխանել, ընենց էլ սրտնեղում եք, թե կայքը նայեք: Մեզ կայք ցույց մի՛ տվեք: Եկել եք ԱԺ, պատասխանեք այն հարցերին, որոնք ձեզ տրվում են: Չհասկացա, մարզպետը չիմանա՞, թե իր մարզում քանի աշակերտ կա: Այսօր արտագաղթ կա, չհասկանա՞նք այդ խնդիրներն ինչպես է լուծում: Վերահսկիչ պալատի կայքից պրծանք, հիմա էլ սա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ