Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Առաջինը հենց Տեր-Պետրոսյանն է ծաղրել, Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը նրա աշակերտներն են»

Սեպտեմբեր 25,2012 16:53

ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Անկախության տոնին անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդակցությանը, ասել էր, որ Սերժ Սարգսյանը դրանով ծաղրում է ժողովրդին:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն Aravot.am-ի հետ  զրույցում արձագանքեց Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտարկմանը. «Ես շատ եմ ցավում, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջինն է ծաղրել մեր ժողովրդին: 95-ին անօրեն, ոչ հանրաքվեի միջոցով պարտադրվեց մեզ Սահմանադրություն, որը չկարողացավ կատարել այն դերակատարությունը, որը պարտավոր էր: Հակակշիռների, զսպումների մեխանիզմներ չստեղծվեցին: Այսօրվա նախագահականի, մեկ անձի ձեռքում՝ գործադիրի ձեռքում կենտրոնացված իշխանության հեղինակը, ըստ էության ավազակապետության հեղինակը հենց ինքն է: Առաջինը հենց ինքն է ծաղրել, ու Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը նրա աշակերտներն են»:

Մեր հարցին՝ այսինքն՝ նա բարոյական իրավունք չունի՞ ասելու, որ Սերժ Սարգսյանը ծաղրում է՝ տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Բարոյական իրավունք կունենար միայն այն ժամանակ, երբ մարտի 1-ին իր տանից դուրս գար եւ լիներ ժողովրդի հետ: Առաջին զոհը պետք է ինքը լիներ»:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի խորհրդակցությանն ու դրա հետեւանքներին, պաշտոնանկություններին՝ Զարուհի Փոստանջյանը նշեց. «Ի՞նչ է, պետք է նախագահը ելույթ ունենա եւ ասի չարաշահումներ կան, նո՞ր պետք է արձագանք տրվի: Դա բոլորի համար պարզ է, որ գոյություն ունեն չարաշահումներ: Իրավապահ մարմինները պետք է ժամանակին պատշաճ արձագանք տան, դատարանները պետք է պատշաճ արձագանքեն: Մինչդեռ  բոլորդ ականատես եղաք, որ Վճռաբեկ դատարանի հարյուրավոր փաստաբաններ գործադուլ էին հայտարարել՝ դատադուլ, որը փաստում է, որ Վճռաբեկ դատարանը, որ պետք է իր դերակատարությունը ստանձնի՝ չի ստանձնում: Այսինքն՝ դատական համակարգ գոյություն չունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930