«Առավոտ երիտասարդականը» սկսում է նոր շարք, որտեղ կանդրադառնանք Հայաստանից դուրս ապրող հայ երիտասարդներին, նրանց խնդիրներին, հոգսերին և կպատմենք նրանց մասին: Մեր առաջին հերոսը Մալթայում բնակվող 21-ամյա նկարիչ Լևոն Գուրջինյանն է:
Լևոն Գուրջինյանը 10 տարեկան էր, երբ ընտանիքի հետ լքեց Հայաստանը: 6 տարի Ռուսաստանում ապրելուց հետո ընտանիքի հետ մեկնում է Մալթա, որտեղ էլ մինչև այսօր բնակվում է: Այժմ 21 տարեկան է: Սովորում է Մալթայի MCAST ինստիտուոտում՝ արվեստ և դիզայն բաժնում: Նկարել շատ է սիրում, որպես հայ նկարիչ մասնակցել է տարբեր ցուցահանդեսների, մրցույթների. «Դեռ փոքր տարիքից նկարելու հանդեպ մեծ սեր ունեի»: Բացի նկարչությունից՝ մեծ հետաքրքրություն ունի նաև սպորտի, քաղաքականության և պատմության հանդեպ: Ժամանակին զբաղվել է ֆուտբոլով:
Հիշում է`երբ նոր էր տեղափոխվել Մալթա, դժվարությունների հաճախ էր հանդիպում. «Շատ էր պատահում, որ կռիվներ էի անում: Եվրոպայում չէի հասկանում`ինչպե՞ս կարող է մարդ իրեն այդպես պահել: Բայց ժամանակ անցավ ու ընտելացա: Հիմա շատ հանգիստ եմ ապրում, առանց պրոբլեմների»,- ասում է նա: Խորհուրդ է տալիս բոլոր այն երիտասարդներին, ովքեր ապրում են արտասահմանում. «Մարդ պետք է ընտելանա այն երկրի մենթալիտետին, որտեղ ապրում է, բայց չպետք է մոռանա`ով է ինքն իրականում»:
Լևոնը որոշել է վերադառնել Հայաստան. «Մալթան շատ փոքր երկիր է: Այն խնդիրները, որն ունի Հայաստանը, Մալթան չունի: Մեր մոտ դժվար է ապրելը, Մալթան մենաշնորհային երկիր է, դա շատ մեծ խնդիր է հասարակ մարդկանց համար: Երևի շուտով`ամենաշատը մեկ տարուց, ես կգամ Հայաստան ապրելու: Այդ միտքը փոքր ժամանակից մտքումս է, և ամեն ինչ անում եմ, որ այդ երազանքը դառնա իրականություն: Հայաստանում մնացել են իմ բարեկամները, որոնց շատ եմ կարոտել: Եղբայրներս երեխաներ են ունեցել, որոնց չեմ տեսել»,- ասում է նա: Նաև թվարկում է այն ամենը, ինչը շատ է կարոտել` հայկական բնությունը, ճարտարապետությունը, վանքերը, խոհանոցը:
Լևոնի խոսքով՝ Մալթայում երիտասարդական կազմակերպություն չկա. «Այստեղ շատ քիչ հայեր են բնակվում»,- ասում է նա: Չնայած հայ համայնքի փոքր լինելուն՝ միջոցառումներ Մալթայում, անուամենայնիվ, հայերը կազմակերպում են. «Մի քանի տարի առաջ խաչքար ենք դրել Մալթայի մայրաքաղաքում, շատ ուշադիր ենք հայ սպորտսմենների նկատմամբ»:
Ուշադիր ֆուտբոլասերները, կհիշեն Լևոնին. նա այն երիտասարդն է, ով Մալթայում Հայաստանի հավաքականին նվիրեց իր հեղինակած նկարը. «Ես շատ եմ հավանում մեր հավաքականին և նրա մեծ երկրպագուն եմ, ծանոթ եմ որոշ խաղացողներին, բժշկին և Վարդան Մինասյանին: Որոշեցի նվեր անել նրանց»,- պատմում է Լեւոնը:
«Առավոտ երիտասարդականը» Լևոնին իր գործերում հաջողություն է մաղթում և սպասում նրան Հայաստանում:
Լիլիթ Սարգսյան