Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արթուր Ղուկասյան. չնայած 10-ամյա պատմությանը` «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը չի պառավել

Սեպտեմբեր 25,2012 16:15

«ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն այս տարի տոնում է իր 10-ամյակը: Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանն այսօր Press Master ակումբում հայտնեց, որ այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը Երևանում կկայանա հոկտեմբերի 2-9-ը՝ NEVER MISS կարգախոսով: Փառատոնի կազմակերպմանն աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

«Փառատոնը կմեկնարկի ճապոնացի թմբուկահարների ելույթով: Ծրագիրը հետաքրքրական է, ներառում է վարպետության դասեր` այդ թվում դերասանի վարպետություն, բեմական խոսք, վոկալ, ինչպես նաեւ` Վրաստանի հետ համատեղ կազմակերպված մշակութային պլատֆորմ: Կլինեն հյուրեր տարբեր երկրներից ու փառատոններից»,-ասաց Ղուկասյանը եւ հավելեց, որ չնայած 10-ամյա պատմությանը` «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը չի պառավել:

Ղուկասյանի խոսքով` այս տարվա փառատոնը տարբերվում է նրանով, որ ռուսական թատերական խմբեր չկան. «Խմբերի մասնակցությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ երկու կողմերն են ջանք գործադրում գալու համար. մենք ուզում էինք, որ ռուսները գան, բայց որոշ ֆինանսական խնդիրների պատճառով նրանց այցը չստացվեց: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Ռուսաստանը մեր դաշնակից երկիրն է, ասեմ, որ փառատոնը ոչ թե ռուսական է, այլ հայկական է: Ցանկալի կլիներ ռուսների մասնակցությունը, որովհետեւ ռուսական թատրոնն աշխարհում երկրորդն է»:

Մարզային ելույթների վերաբերյալ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի նախագահն ասաց. «Դրանք ծախսատար են: Գյումրիից մի ակտիվ երիտասարդ կար` Տիգրան անունով, ով ուզում էր, որ մենք գնայինք Գյումրի: Ուրախալի է, որ նման երիտասարդ կա, սակայն նա մարզպետը չէ: Բացի այդ, խմբերը Երեւան են ժամանում ընդամենը երեք օրով»:

Հավելենք, որ փառատոնի ընթացքում հանդես կգա 25 թատերական և պարային խումբ` 18 երկրից, այդ թվում` Եվրոպայից, Ճապոնիայից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից: Փառատոնի օրերին հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել այնպիսի տաղանդավոր և հայտնի թատրոնների ներկայացումները, ինչպիսին են Լա Գոլուզ Թատրոնը Ֆրանսիայից, Թումանիշվիլու Կինոյի Դերասանի Թատրոնը Վրաստանից, Դադադադան Տենկոն Ճապոնիայից և այլն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930