Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը՝ օլիգարխների «ուտուշ-խմուշի» տե՞ղ

Սեպտեմբեր 25,2012 16:12

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում քրեական հանցագործություն է կատարվել, ահազանգում են բնապահպանները, որոնք գտել են Կարմիր գրքում գրանցված՝ մորթված բեզոարյան այծի, կովկասյան գորշ արջի ու նապաստակի գլուխն ու ոտքերը, այնտեղ կազմակերպված խնջույքից մնացած խմիչքի շշեր, վառված խարույկի մնացորդներ եւ այլն. բնապահպանները, որպես ապացույց, իրենց տեսածը նկարահանել ու տարածել են:

Իրավաբան Մերի Խաչատրյանը, «Պահպանենք Խոսրովի արգելոցը» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Մարիամ Սուխուդյանը, Եղիա Ներսիսյանը եւ այլք, այսօր «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պահանջելով բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրաժարականը, որն, ըստ նրանց, ոչինչ չի անում այդ եւ այլ հանցագործությունները կանխելու համար, հարցնում են՝ որսն օրենքով արգելված է, ովքե՞ր են այս հանցագործության գլխավոր մեղավորները:

Եղիա Ներսիսյանի փոխանցմամբ՝ «Սեպտեմբերի 18-ին «Խոսրովի անտառ» արգելոցի Կաքավաբերդի տեղամասում հայտնաբերել ենք մորթված կենդանիների դիակներ, խարույկի մնացորդներ, հատուկ թակարդներ՝ կենդանիներին որսալու համար: Ծառերի միջից գարշահոտ էր գալիս, ու ոչ թե մեկ տեղ էլ, այլ ամենուր: Այդ ամենը խոսում է այն մասին, որ այնտեղ ուղղակի օլիգարխների ուտուշ-խմուշի տեղ է»:

Ըստ Մարիամ Սուխուդյանի, այն, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի Կաքավաբերդ տեղամասի ղեկավարն իր վրա դրված պարտավորություններն ու լիազորությունները պատշաճ չի իրականացրել, ցուցաբերել է բացահայտ անգործություն, դա արդեն փաստ է. «Կարելի է եզրակացնել, արձանագրել, որ այս ամենը կատարվել ու կատարվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի, Կաքավաբերդ տեղամասի տնօրինության համաձայնությամբ եւ չի բացառվում, որ նրանց անմիջական մասնակցությամբ, եւ ՀՀ պետական լիազոր մարմին հանդիսացող ՀՀ բնապահպանության նախարարության թողտվությամբ»:

Ասուլիսին բնապահպաններին անսպասելիորեն միանալով նախարարության աշխատակիցները, ասացին, թե վերջիններն օգնելու համար են եկել: Սակայն օգնության համար եկած «հյուրերը» բնապահպաններին սպառնացին քրեական պատասխանատվության ենթարկել, այն բանի համար, որ վերջիններն անթույլատրելի ձեւով ներխուժել են արգելոց, քանի որ նրանց նախարարի կողմից զգուշացված էր, որ առանց իր թույլտվության չհայտնվել այնտեղ:

Մերի Խաչատրյանի խոսքով՝ այն, որ կատարվածի ու արձանագրածի հետ կապված իրենք չեն դիմել նախարարին, պատճառը մեկն է՝ բնապահպանության նախարարը չի կատարում կանոնադրությամբ իր վրա դրված գործառույթներն ու լիազորությունները. « ՀՀ գլխավոր դատախազից, ՀՀ ոստիկանության պետից, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետից պահանջում ենք տեսանյութում առկա փաստի առիթով անհապաղ հարուցել քրեական գործ եւ իրականացնել քննություն, քրեական պատասխանատվության կանչել սկսած ՀՀ բնապահպանության նախարարից, մինչեւ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի Կաքավաբերդ տեղամասի տնօրինություն»:

Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանն էլ բնապահպանների խոսքերից զայրացած՝ հարցրեց, թե «այդ ոնց եղավ, որ հենց դուք, հենց այդ նույն պահին հայտնվեցիք այդտեղ. դուք մեզ եք կասկածի տակ դնում, մենք էլ ձեզ կդնենք»:

Կռվի վերածված ասուլիսի բանախոսներն իրար հերթ չտալով հնչեցնում էին փոխադարձ մեղադրանքներ, բնապահպանները կառույցը «բնաջնջման նախարարություն» կոչելով, նախարարության աշխատակիցները վերջիններիս օրինախախտներ անվանելով:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930