Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արարատի մարզպետ. «Ինչքան ուզում եք ստուգումներ արեք, մեզ չեք կարող մրսեցնել»

Սեպտեմբեր 25,2012 16:08

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց հաշվետվություն, թե հատկացված միջոցներով ինչ աշխատանքներ են կատարվել, բյուջեի կատարողականը քանի տոկոս է կազմում, ինչ ծրագրեր են եղել եւ այլն:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նրանից հետաքրքրվեց. «Գումարները, որ ասում եք, լավ, արդյունավետ ծախսել եք, ի՞նչ է փոխվել ձեր մարզում, ինչքանով է կյանքը բարելավվել: Բյուջեի ծախսման արդյունքում ինչքանո՞վ են մարդիկ լավատես դարձել, ասենք՝ մինչեւ փողերը ծախսելը այսպես է, ծախսումից հետո այսպես: Մեկ-երկու նախադասությամբ

ասեք»:

Մարզպետը պատասխանեց, որ դպրոցներ են հիմնովին վերանորոգվել, 8 մշակութային օբյեկտներ, ջրագծեր, ճանապարհներ: Երեխաների համար նախատեսվել է լավ համակարգ, բարենպաստ պայմաններ. «Ճանապարհների, ջրագծերի հետ կապված հասկանալի է, որ մեր մարզում դրանք կառուցվել էին 50-60-ականներին, դրանց վերանորոգումից հետո ջրամատակարարման համակարգը բարելավվել է: Նույնը մանկապարտեզների համար կարելի է ասել»:

Փաշինյանը կոնկրետացրեց հարցը՝ «Դպրոցները որ նորոգում եք, ունե՞ք դինամիկա, պետք է հասկանանք, այդ նորոգված շենքում աշակերտ կա՞, չկա՞: Աշակերտների թիվն աճո՞ւմ է, թե՞ նվազում է: Կա՞ դպրոց մարզում, որ այս տարի առաջին դասարանի աշակերտ չունի, բայց նախորդ տարի ունեցել է:

Մշակույթի տուն քանի՞ մարդ է մտել, դա ներդրում է, չէ՞»:

Ի պատասխան՝ մարզպետն ասաց. «Պարոն Փաշինյան, հարցերի շարան եք ներկայացնում, ես չհիշեցի էլ: Հրավիրում եմ ձեզ մարզ: Կարելի է այցելել մարզ, տեսեք՝ ծառայությունն իրականացվում է, թե չի իրականացվում: 2010-2011-ին դպրոց հաճախող երեխաների թիվը ավելացել է»:

Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը հաշվետվության մեջ այն գլխից նշեց. «Գումարները դուք լավ գիտեք, որ նպատակային է ծախսվել, ինչքան ուզում եք ստուգումներ արեք, մեզ չեք կարող մրսեցնել»:

Քանի որ մարզպետներն իրենց հաշվետվությունը ներկայացնելիս անպայման շնորհակալություն էին հայտնում կառավարությանը՝ տրամադրված գումարների համար, Նիկոլ Փաշինյանը մարզպետներին խորհուրդ տվեց. «Լավ կանեք շնորհակալություն հայտնեք ոչ թե կառավարությանը, այլ հարկատուներին, ում վճարած գումարները հասցնում է կառավարությունը ձեզ: Աշակերտների եւ մանկապարտեզի այցելուների թվի դինամիկան, Արագածոտնի մարզպետը չկարողացավ ներկայացնել թվերով: Գոնե դուք ներկայացրեք»,- Էդիկ Բարսեղյանին դիմելով՝ ասաց պատգամավորը: Մարզպետի խոսքերով՝ «Մարզում չունենք դպրոց, որ առաջին դասարանի աշակերտ չունի: Մենք կարողացել ենք այն մանկապարտեզները, որոնք շուրջ տարի չի եղել, օբյեկտիվ պատճառներով ձմեռը չի եղել, այդ գումարներից կարողացել ենք ջեռուցում անցկացնել: Ջեռուցում է այս պահին անցկացվում Նորաշեն, Այնթապ համայնքում: Ինչ վերաբերում է շնորհակալությանը՝ թող կառավարությունը հարկատուներին շնորհակալություն հայտնի, ոչ թե մենք: Բա մարզպետը շնորհակալություն չհայտնի՞ կառավարությանը»:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ավելի պատրաստված էր եկել: նա ուներ Նիկոլ Փաշինյանի հարցրած թիվը՝ դպրոց հաճախող աշակերտների. «Մեր մարզում առաջին դասարան հաճախողների թիվը 382-ով նախորդ տարվա համեմատ ավելացել է»:

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը (լուսանկարում), չանսալով ՀԱԿ պատգամավորի խորհրդին, նորից շնորհակալություններ հայտնեց կառավարությանը:

Նիկոլ Փաշինյանը նրանից հետաքրքրվեց՝ մարզի տնտեսություններից քանի՞ տոկոսին հասանելի չեն ջուրն ու կոյուղին: Մարզպետն ի պատասխան նշեց՝ կոռեկտ չի անդրադառնալ բազմաթիվ խնդիրներին, որովհետեւ քննարկվում է փողերի ծախսման արդյունավետությունը: Նա էլ հրավիրեց պատգամավորներին ու ԶԼՄ-ներին իրենց մարզ. «Համեցեք, ես 100 օրը չլրացած՝ արդեն ասուլիս եմ անում ու կարող եմ ցանկացած ոլորտի մասին տեղեկատվություն տրամադրել»:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ «Մարզեր մենք այնպես էլ ենք գնում, փակ չի, մեզ վիզա պետք չի, որ այցելենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930