Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն էր ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը: Նա հայտարարեց, որ մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում, սակայն նշեց, որ նախագահական ընտրություններին կուսակցության մասնակցության ձևաչափը վերջնականապես կորոշվի եկող տարվա սկզբին կայանալիք կուսակցության համագումարում:
«Ինչ վերաբերվում է գալիք ընտրություններում այլ քաղաքական ուժերի հետ հնարավոր համագործակցությանը, ապա մենք կաջակցենք այն թեկնածուին, ով ի վիճակի է լուծել երկրի առջև ծառացած մարտահրավերները և խնդիրները: Գործող նախագահ Սերժ Սարգսյանն առավելություն ունի, քանի որ եթե մնացած թեկնածուները կարող են միայն ինչ-որ բան խոստանալ ընտրողներին, ապա Սարգսյանը կարող է անել այն, ինչ նրանից սպասում է ժողովուրդը»,- կարծում է Սարգսյանը:
Նա որոշակի իմիտացիա է նկատում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքականության մեջ եւ համոզված է, որ իր ձևավորման պահից ի վեր՝ ԲՀԿ-ն երբեք ընդդիմադիր չի եղել. «Մի քանի տարի լինելով մեկ թիմում` նրանց աչքերը հանկարծ բացվել են և նրանք որոշել են ինքնուրույն քաղաքականություն վարել»:
Կարդացեք նաև
ՀԴԿ առաջնորդը չի հավատում նաեւ, որ ընդդիմությունը կարող է միավորվել և միասնական թեկնածու առաջադրել 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում. «Առկա քաղաքական ուժերն այնքան մեծ հավակնություններ ունեն, որ հազիվ թե կարողանան միավորվել»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ