Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի պաշտոնյա. «Առանց մարդու իրավունքների՝ օրենքի գերակայությունը դատարկ խխունջ է»

Սեպտեմբեր 25,2012 15:58

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բացեց իր 67-րդ նստաշրջանը: Մեկ շաբաթվա աշխատանքների շրջանակներում այսօր, այս պահին տեղի է ունենում տարեկան ամփոփիչ բանավեճ, որի ընթացքում Գլխավոր ասամբլեան լսում է անդամ պետությունների ղեկավարների և կառավարությունների հայտարարությունները: Յուրաքանչյուր երկիր քննարկման ընթացքում հանդես է գալիս իր ներկայացուցիչով, որը 15 րոպեի ընթացքում ներկայացնում է իրենց երկրում գոյություն ունեցող հիմնախնդիրները:

ՄԱԿ-ում քննարկումները այս պահին ծավալվում են օրենքի գերակայության և միջազգային իրավունքի հարցերի շուրջ: Տարբեր երկրների ներկայացուցիչներ հաստատեցին, որ մարդու իրավունքները, օրենքի գերակայությունն ու միջազգային իրավունքը այն հարցերն են, որոնք միավորում են ՄԱԿ-ի անդամ երկրներին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն էլ նշեց. «Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին հարգել օրենքի գերակայությունը և փորձել խնդիրները լուծել բացառապես խաղաղ ճանապարհով»: Նա նաև նշեց, որ անդամ երկրներն ունեն հավասար հնարավորություններ՝ իրենց երկրներում ներդնել բոլոր այն գաղափարները և ի կատար ածել ՄԱԿ-ի բոլոր այն պահանջները, որոնք ուղղված են միջազգային իրավունքի նորմերի բարելավմանը:

Իսկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Վուկ Ջերեմիկը նկատեց, որ միջազային իրավունքը դեռ մի հասկացություն է, որն ավելի շատ ուտոպիա է հիշեցնում և ավելի խիստ տոնով նշեց. «Մենք խստորեն հետևում ենք օրենքի գերակայության ապահովմանն ու միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում երկրների գործունեությանը: Մենք դատապարտում ենք պատերազմը: ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներն էլ այս բնագավառի թերացումներում ունեն իրենց մեղքի բաժինը, հարուստ թե աղքատ, խոշոր թե փոքր»:

UNDP-ի կոորդինատոր Հելեն Քլարքը, ում աշխատանքային խումբն աշխատել է օրենքի գերակայությանն ուղղված բարեփոխումների շրջանակներում, շուրջ 100 երկրներում, նկատեց. «Օրենքի գերակայությունը բոլոր բարեփոխումների սիրտն է»:

Իսկ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով հանձնակատար Նեվի Փիլայն ասաց. «Առանց մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայությունը դատարկ խխունջ է: Օրենքի գերակայության ապահովումը պետք է հիմնված լինի միմիայն մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների վրա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930