Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքահայ գործարարին «գցել են» ՊԵԿ-ի եւ դատախազության հովանավորությամբ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 25,2012 15:41

Սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանը, որի «Արին կապիտալ ներդրումային ընկերությանը» դիտավորյալ սնանկացման են տարել, այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներից «Սկայփի» միջոցով լրագրողների հետ կապվեց եւ իր վրդովմունքն արտահայտեց ՀՀ գլխավոր դատախազության անգործության եւ անտարբերության մասին:

Սփյուռքահայ գործարարի կարծիքով, 2 տարի ձգձգվող դատական գործընթացը տեղից չի շարժվում, որովհետեւ իր ընկերությունում կատարված կեղծիքները հովանավորել են դատախազության եւ պետեկամուտների բարձրաստիճան պաշտոնյաները:

Aravot.am-ի հետ զրույցում Էդմոն Խուդյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը պատմեց, որ «Արին կապիտալը» Մաշտոցի 33/1 եւ 33/ա հասցեում բազմաբնակարան շենք կառուցելու համար Վլադիսլավ Մանգասարյանին պատվիրել է շինաշխատանքներ, որն էլ Խուդյանի` ՀՀ-ից բացակայելու ընթացքում համաձայնության գալով ընկերության տնօրեն Էդիկ Եսայանի հետ, կեղծել են Խուդյանի ստորագրությունները, որի արդյունքում, շենքում եղած ու արդեն սեփականատեր ունեցող բնակարանները վաճառել են մեկ այլ անձանց: Բացի այս, ըստ փաստաբանի, Էդմոն Խուդյանի ստորագրությունները կեղծելով Մանգասարյանն ու Եսայանը մի քանի միլիոն դոլար են դուրս հանել ընկերությունից. «2 տարի է դատական գործընթաց է եւ արդյունք չկա, կա փորձագիտական եզրակացություն, որ փաստաթղթերը կեղծված են, կան այդ մարդկանց անունները, որ այդ ընթացքում մի քանի միլիոն գումար են ստացել, գործն առաջ չի գնում: Դատախազությունն է վերահսկում եւ քննչական գործողություն չի կատարվում: Ասում եմ` այս ինչ անձն,, այսինչ ընկերությունից մի քանի միլիոն գումար է ստացել, ճշտեք` թե ինչի համար, բայց ոչինչ չի արվում: Վկա կա, որ խոստովանում է, որ կեղծել է ստորագրությունը եւ մատնանշում է ում հրահանգով եւ ում հետ, բայց դատախազությունը ոչ մի բան չի անում»:

Սփյուռքահայ գործարարի պատմելով էլ. «2010-ի նոյեմբերին դիմում եմ ներկայացրել ՊԵԿ-ին`Գագիկ Խաչատրյանին, բողոքս հայտնելով, հույս ունենալով, որ պետությունը գոնե իր 1.5 միլիոն դոլար հարկը ստանալու համար միջոցներ կձեռնարկի եւ ընկերությանը պատասխանատվության կկանչի, կբացահայտվի ամեն ինչ, բայց պարզվեց՝ պետական եկամուտների կոմիտեն նաեւ քողարկում է իրենց վարչության պետի կատարած, համաձայնության եկած գործարքը, որ տվյալ պահին ընկերությունը 139 միլիոն դրամ հարկ պետք է վճարեր…Պարզվում է, այն 3 անդամները, որոնք կեղծել են իմ ստորագրությունները, նրանց հետ ՊԵԿ-ը համաձայնության եկավ, հարկեր չվերցրեց եւ մեղավորները չպատժվեցին»:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի խոսքերով, իրենք հիմնադրել են «Սփյուռքահայ ներդրողների պաշտպանության կենտրոն» հիմնադրամը, որտեղ արդեն մի քանի տասնյակ սփյուռքահայ գործարարներ հայտեր են ներկայացրել, թե ինչպես են Հայաստանում իրենց «գցել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930