ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ սեպտեմբերի 21-ին, անկախության 21-րդ տարեդարձի ընդունելությանը ներկա չգտնվելը տարատեսակ մեկնաբանությունների առիթ տվեց, մանավանդ ԲՀԿ մամուլի խոսնակի ներկայացրած պատճառաբանությունից հետո, թե Ծառուկյանը չափազանց կարեւոր գործեր ուներ: Aravot.am-ը ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանից հետաքրքրվեց՝ իր կարծիքով ինչո՞ւ ԲՀԿ առաջնորդը չմասնակցեց այդ միջոցառմանը: «Իրենք ասացին. ասացին՝ չափազանց կարեւոր գործով էր զբաղված»,- ասաց պարոն Մինասյանը: Դիտարկմանը՝ չե՞ք կարծում, որ տրիվյալ էր այդ պատճառաբանությունը, ՀՀԿ-ական պատգամավորը հակադարձեց. «Պիտի հարցնեք Ուրիխանյանին: Ինքը կասի՝ ի՞նչ է չափազանց կարեւորը: Որովհետեւ, ես կարծում եմ, որ սեպտեմբերի 21-ի ավելի չափազանց կարեւոր խնդիր, քան մեր համաժողովրդական տոնն է՝ չկա»:
Այս միջադեպը մեր զրուցակիցը չի համարում Սարգսյան-Ծառուկյան հակասությունների ցուցադրում: Ավելին. «Ես, ճիշտն ասած, էդպիսի լուրջ հակասություններ չեմ տեսնում: Մարդիկ կարծիք ունեն, իրենց տեսակետն են արտահայտում՝ թող արտահայտեն: Թե ինքն ինչո՞ւ չի եղել, ես ո՞նց իմանամ: Լսել եմ այնքան, որքան դուք: Տիգրան Ուրիխանյանն ասել է, որ նա չափազանց կարեւոր գործով էր զբաղված: Կարծում եմ, որ պատասխանն այնքան էլ ադեկվատ չէ»:
Ընդհանրապես, Մկրտիչ Մինասյանը գտնում է, որ երկրի բոլոր ժամանակների իշխանություններն այդ օրը պետք է համատեղեն իրենց ջանքերը: Հարցին՝ ինչո՞ւ իշխող ՀՀԿ-ն չի հրավիրում առաջին նախագահին եւ նրա ժամանակ իշխանության եղած մարդկանց, ՀՀԿ-ական պատգամավորը հարցով պատասխանեց. «Իսկ դուք համոզվա՞ծ եք, որ չի հրավիրում»: Մեր դիտարկմանը, որ ոչ միայն սեպտեմբերի 21-ի, այլ նաեւ մայիսի 28-ի եւ տարբեր այլ առիթներով ՀՀ առաջին նախագահի գրասենյակից քանիցս հայտարարություններ հնչեցին, որ հրավերք չեն ստացել, Մինասյանը պատասխանեց. «Ես էլ համոզված եմ, որ բոլորին հրավիրում են: Ցավոք, ձեւավորվել է մի տրադիցիա, որ «էքս» նախագահները եւ իշխանավորները պիտի չլինեն: Կգա ժամանակ, որ բոլոր այս բաներից կձերբազատվենք եւ կհասկանանք, որ սա մեր համաժողովրդական տոնն է, մեր պետականության ու անկախության տոնն է, որի համար բոլորս ենք պայքարել, մեկը՝ շատ, մյուսը՝ քիչ, բայց բոլորիս երազանքն է: Էնպես որ՝ էդ միասին պիտի տոնենք: Էլի կմնանք մեկս մյուսին ընդդիմադիր, բայց ճիշտ կլինի, որ միասին տոնենք»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ