Լրահոս
Օրվա լրահոսը

Դատաբժիշկը ասել է 7, մինչդեռ Բորիս Հակոբյանն ասում է՝ կրակել է 5 անգամ

Սեպտեմբեր 25,2012 15:21

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց Վահրամ Մարգարյանի (Գուրգեն Մարգարյանի եղբոր) եւ Բորիս Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ժամանակ վերջինի կողմից տրված ցուցմունքները: Բորիս Հակոբյանի առաջին նախաքննական ցուցմունքը եղել է 2011թ. օգոստոսի 14-ին: Նա հայտնել էր, որ հանգուցյալ որդին՝ Տիգրանը, եղել է բռնցքամարտիկ, Հայաստանի Հանրապետության չեմպիոն, ինքն ունի եւս մեկ որդի եւ դուստր՝ էպիլեպսիայով տառապող: Տիգրան Հակոբյանը ընկերոջ հետ մեկնել էր Տուապսե, որտեղ ամուսնացել էր եւ ուներ երկու որդի: Նախաքննության ժամանակ Բորիսը նաեւ հայտնել էր, որ 2009-ին 7 ամիս մնացել է Տուապսեում, Տիգրանի տանը եւ այնտեղ էլ իմացել, որ Տիգրանի ընկերն է Խաչիկ Գալոյանը՝ այս գործով տուժողը: Նախաքննության մարմնին նաեւ հայտնել էր, որ Տիգրանն իրեն պատմել էր, որ Խաչիկը 100.000 ռուբլի է վերցրել եւ պարտքը չի վերադարձնում, իսկ Տիգրանի կնոջ՝ Անյայի հասցեին էլ վատ արտահայտություններ էր արել: 2010թ. հոկտեմբերի 27-ին Տուապսեում Տիգրանի բնակարան մուտք են գործում անհայտ անձինք, ձեռնաշղթաներ հագցնելով՝ էլեկտրաշոկով սպանում են նրան: Ըստ ամբաստանյալի, քառասունքից հետո ինքը գնում է Տուապսե, որպեսզի ճշտի որդու սպանության հետ կապված հանգամանքները: Նա հանդիպում է Խաչիկի ընկերների հետ, որոնք ակնարկում են, որ որդու սպանությունն իրականացրել է Խաչիկը: Իր երրորդ ցուցմունքում Բորիսը հայտնում է նաեւ, որ Տուապսեի սրճանարում հանդիպել է Խաչիկին, որն ասել է, թե «ինքն է կազմակերպել եւ իրականացրել, խելոք աշխատացրու սրճարանը (Տիգրանը սրճարան էր վարձակալել), եւ նաեւ ակնարկել, թե եթե խելոք չպահեմ, նույնը կսպառնա երկրորդ որդուն՝ Սարգսին»:

Ի դեպ, միայն 4-րդ եւ 5-րդ ցուցմունքում՝ 2011թ. նոյեմբերի 4 եւ 2012 մարտի 20, նախաքննական մարմինը հարց է տալիս Վահրամ Մարգարյանի հետ կապված: Բորիսը հայտնում է, որ Վահրամի հետ որեւէ խոսակցություն կամ համաձայնություն չի տվել որդու սպանության հետ կապված, ինչպես նաեւ զենք եւ տեղեկատվություն չի տվել: Վահրամը եղել է հանգուցյալ Տիգրանի ընկերը:

Այսօր դատարանում Բորիս Հակոբյանը հայտնեց, որ ինքը վերցնելով հորից մնացած զենքը, 5 անգամ կրակելով՝ Զաքիյան փողոցում սպանել է մի շարք խաղատներ, օբյեկտներ ունեցող, Տուապսե քաղաքում հայտնի գործարար Խաչիկ Գալոյանին, մինչդեռ դատաբժշկական փորձաքննության համաձայն, սպանվածի վրա առկա է եղել 7 հետք: Իսկ ականատեսներից մեկն էլ նախաքննական մարմնին հայտնել էր, որ ոչ թե 56 տարեկան Բորիսն է եղել դեպքի վայրից վազողը, այլ ավելի երիտասարդ, ինչին Բորիսը հեգնել էր, ասելով. «Վազելու ընթացքում իմ հասակը ոչ ոք չէր կարող տեսնել»: Այս հակասության հետ կապված հոկտեմբերի 2-ին նշանակված դատական նիստին կհրավիրվեն 2 դատաբժիշկներ, 1 փորձագետ (պայթուցիչի մասնագետ), 1 ընթերակա եւ բոլորին հայտնի վկա Աշոտ Ֆրանգուլյանը («ՀԺ» խմբագիր Հայկ Գեւորգյանի դեմ ավտովթարի գործով ցուցմունք տվողը): Դատարանը հատկապես վերջինի հետ կապված՝ կունենա հերթական անգամ անվտանգության լրացուցիչ միջոցառումներ կազմակերպելու հնարավորություն:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930