Հուլիսի 1-ի գիշերը «Հարսնաքար» ռեստորանային համալիրը պայթեցնելու փորձ անելու համար կալանավորված ՀՀ պաշտպանության նախարարության փոխգնդապետ Վարդան Սամվելյանի քրգործով դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 4-ին:
Հիշեցնենք, որ այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական առաջին նիստն էր, որը, ամբաստանյալի պաշտպան Հովհաննես Հարությունյանի միջնորդությամբ, անցկացվեց արագացված ընթացակարգով:
Դատախազ Տիգրան Հարությունյանը միջնորդեց Սամվելյանի համար սահմանել 6 ամսվա ազատազրկում և 200 հազար դրամի չափով տուգանք՝ հաշվի առնելով, որ Սամվելյանն ունի երկու անչափահաս երեխա, եւ հիվանդ հայր, ինչպես նաեւ լավ բնութագրական հատկանիշներ:
Ամբաստանյալի պաշտպան Հ. Հարությունյանն էլ խնդրեց պատիժը սահմանելիս հաշվի առնել, որ հանցագործությունը միջին ծանրության է եւ առաջարկեց պայմանականորեն ազատել պատժից: Միաժամանակ նա նշեց, որ սա այն եզակի դեպքերից է, երբ ամբաստանյալի պաշտպանը համաձայնում է մեղադրողի առաջարկած ե՛ւ պատժատեսակին, ե՛ւ պատժաչափին:
Ամբաստանյալ Սամվելյանն էլ դատարանում խոստովանեց՝ որ զղջում է, որ ավելի վաղ հայտնաբերած զինամթերքը ժամանակին չի հանձնել, այլ տեղափոխել է իր ավտոտնակ:
Հիշեցնենք, որ բժիշկ Վահե Ավետյանի՝ «Հարսնաքարում» ծեծի հետեւանքով մահանալուց հետո, հուլիսի 1-ի գիշերը , Սամվելյանը ճամպրուկը ձեռքին մտել է «Հարսնաքար» ու սպառնացել ՝ պայթեցնել ռեստորանը, իսկ ժամեր անց տեղափոխվել ոստիկանություն:
Կարդացեք նաև
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սամվելյանի դեմ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35 հոդվածի 1-ին եւ 4-րդ հոդվածներով՝ ապօրինի զինամթերք ձեռք բերելու, կրելու եւ փոխադրելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ