«Մամուլում հրապարակումներ եղան՝ իշխանություն է, բան է…տեղական ինքնակառավարման մարմինները միայն ժողովրդի համար ծառայություններ կազմակերպող օղակ են. սա է ընդամենը: Եվ այստեղ, կարծում եմ, որ շատ քաղաքականացնելը ճիշտ չէ»,- այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում խոսելով Հայաստանում կայացած ՏԻՄ ընտրությունների մասին՝ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին թաղապետ Մկրտիչ Մինասյանը:
Իր թաղապետ եղած տարիներին նա ուսումնասիրել է ԱՄՆ-ի ՏԻՄ գործունեությունը եւ փորձը եւ հայտարարում է, որ այդ երկրում, երբ որեւէ անձ ընտրվում է տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար կամ անդամ՝ կասեցնում է իր կուսակցական անդամությունը: Մկրտիչ Մինասյանն այս առումով օրինակ է բերում նաեւ այն, որ ՀՀԿ-ն հանրապետության երկրորդ քաղաքում չառաջադրեց սեփական թեկնածու, այլ սատարեց մեկ այլ կուսակցության անդամին. «Եթե նա սիրված է, ընդունված է, կարող է ավելի լավ կազմակերպել ժողովրդի հոգսերը, թող նա կազմակերպի, ծառայություններ մատուցի»:
Իսկ Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի հետ տեղի ունեցած վերջին միջադեպին հետեւյալ կերպ արձագանքեց. «Ես կարծում եմ, որ ցանկացած բռնություն, բռնության դրսեւորում կամ փորձ ինքնին դատապարտելի է: Ով ուզում է դա լինի՝ անկախ կուսակցական պատկանելությունից»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ