Այսօր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում մեկնարկեց «Մշակութային ժառանգություն. Պահպանել անցյալը հանուն ապագայի» եւ «Հնագիտական ժառանգություն. Էրեբունի» թեմատիկ սեմինարների շարքը՝ դպրոցականների համար:
Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանի դասախոս, ԻԿՕՄՕՍ/Հայաստանի անդամ Նունե Չիլինգարյանը «Մշակութային ժառանգություն. Պահպանել անցյալը հանուն ապագայի» թեմատիկ սեմինարը ընդհանուր հասկացություններից բացի, մասնակից դպրոցականներին ներկայացրեց ժառանգության բնագավառի հատուկ հասկացությունների վերաբերյալ պարզեցված դասընթաց՝ շեշտադրելով ժառանգության արժեքը և այն սերնդից սերունդ անխաթար փոխանցելու անհրաժեշտությունը:
Սեմինարների առաջին ցիկլում ընդգրկված են 4 մայրաքաղաքային եւ 1 մարզային դպրոցներ: Սեմինարները, որոնք ներառում են ընդհանուր թվով 10 պարապմունքներ, հասցեագրված են 12-15 տարեկան դպրոցականներին: Դրանց նպատակն է նպաստել ժառանգության նախնական հասկացությունների եւ սահմանումների մասին գիտելիքների ներդրմանը՝ միջին դպրոցական տարիքից, ինչպես նաեւ խթանել ժառանգության վայրերում դպրոցականի վարքագծի ձեւավորումը:
«էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի խոսքով՝ սեմինարը օրինակ կծառայի, որպեսզի երեխան իր ժառանգության պահպանության խնդիրների տարրական կանոններին ծանոթանա. «Սա կրթական ծրագիր է, եւ արդյունքը սպասելի է: Երեխաները այլեւս չեն վազվզում, չեն աղտոտում տարածքը, նույնիսկ նրանք են իրենց հասակակից ընկերներին զգուշացնում, որպեսզի չվնասեն»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում 128 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Գեւորգյանն ասաց, որ տպավորված է սեմինարով. «Ամեն մի հայ պարտավոր է իմանալ իր ազգի հուշարձանների կարեւորության մասին: Սեմինարի շնորհիվ նոր տեղեկություններ իմացա, եւ կարծում եմ՝ հայ մանուկների պարտքն է ճանաչել իրենց ազգի մշակույթը»:
Երկրորդ թեմատիկ սեմինարը հնագիտական վայրերի պահպանության եւ, մասնավորապես, Երեւան մայրաքաղաքում խիտ կառուցապատված քաղաքային միջավայրում գտնվող Էրեբունի ամրոցի ճանաչման ու պահպանության խնդիրների հիման վրա էր:
Սեմինարները նախապատրաստվել են Արեւելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրի շրջանակում իրականացվող «Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագծի շրջանակում՝ «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հասարակական կազմակերպության եւ նախագծի մասնակցային գործընկեր «Էրեբունի» արգելոց-թանգարանի կողմից՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համագործակցությամբ:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ