«Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում մեր օրերի խոշորագույն դաշնակահարներից Եվգենի Կիսինը սեպտեմբերի 27-ին համերգ կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Այսօր «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում տեղի ունեցած հանդիպման ժամանակ դաշնակահարն ասաց, որ ուրախ է 28 տարվա ընդմիջումից հետո կրկին Երեւանում գտնվելու համար. «Երեւանյան հեռանկարներ» փառատոնը պատվաբեր է եւ վստահություն է ներշնչում, պատվաբեր են նաեւ փառատոնի շրջանակում հանդես եկած կատարողների անունները: Կան երկրներ, որտեղ հանդես գալու առաջարկները չեմ ընդունում` որոշ քաղաքական նկատառումներից ելնելով: Օրինակ` Թուրքիայում ելույթ ունենալու առաջարկները մերժել եմ, քանի որ մինչ օրս չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը»:
Խոսելով ամենամյա շրջագայություններից` Կիսինը նշեց, որ համերգներ է ունենում Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Հոլանդիայում եւ ԱՄՆ-ում, իսկ ասիական երկրներում` երկու տարին մեկ անգամ:
Նվաճած մրցանակների վերաբերյալ դաշնակահարն ասաց, որ չկա այնպիսի մրցանակ, որը կցանկանար ստանալ. «Մրցանակներն, իհարկե, պատվաբեր են, բայց չեմ ձգտում հասնել դրանց: Միեւնույն ժամանակ, եղել են նշանակալի մրցանակներ, որոնք ստացել եմ առանձնահատուկ իրադարձությունների կապակցությամբ. օրինակ` Հայաստանից ստացած մրցանակները և ռուսական «Տրիումֆ» մրցանակը»:
Կարդացեք նաև
Նշենք, որ «Երեւանյան հեռանկարները» դասվում է Եվրոպայի առաջատար փառատոների շարքին: Արդեն 13-րդ տարին, է, ինչ փառատոնը Հայաստան է հրավիրում աշխարհահռչակ մենակատարների եւ նվագախմբերի, որոնց թվում` Պլասիդո Դոմինգո, Բորիս Բերեզովսկի, Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Գուլբենկյան նվագախումբը:
Փառատոնի հիմնադիր նախագահ եւ գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանը նշեց, որ աշխարհի նվագախմբերի համար պատվաբեր է Եվգենի Կիսինի հետ ելույթ ունենալը. «Նրա մասին կարելի է ասել, որ իրապես հանճարեղ արվեստագետ է: Նրա համերգը Երեւանում կայացնելու համար աշխատել ենք գրեթե 8 տարի: Հարստություն եմ համարում այն հանգամանքը, որ ըստ պատշաճի կարողանում ենք ընդունել աշխարհահռչակ երաժիշտներին: Տարիներ առաջ երազում էինք Հայաստանը աշխարհի մշակութային կենտրոն դարձնելու մասին, սակայն երազանքն արդեն իրականություն է դարձել»:
Փառատոնին աջակցում են ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը: Փառատոնն անց է կացվում ՀՀ նախագահի բարձր հովանում ներքո:
Հավելենք, որ Եվգենի Կիսինի համերգային ծրագիրը ներառում է Բեթհովենի, Շուբերտի, Լիստի ստեղծագործություններից:
Լուիզա ՍՈԻՔԻԱՍՅԱՆ