Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի իտալացին եւ «անհայտ» սփյուռքահայը՝ Երեւանում

Սեպտեմբեր 25,2012 13:58

Երեւանյան միջազգային 6-րդ փառատոնի շրջանակներում այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) թավջութակի գրականության հայտնի ստեղծագործություններից Դվորժակի կոնցերտի կատարումով հանդես կգա իտալացի Մարիո Բրունելլոն:

«Առավոտի» հետ զրույցում Էդ. Թոփչյանն ասաց, որ Բրունելլոյի երեւանյան համերգի բանակցությունները տեւել են շուրջ 2 տարի: Թավջութակահարը համագործակցել է հայտնի նվագախմբերի եւ մեծանուն այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Վալերի Գերգիեւը, Ռիկարդո Մուտտին, Յուրի Տեմիրկանովը, Կլաուդիո Աբբադոն եւ այլն: Մի քանի տարի առաջ արդեն «գծված» երաժշտի հյուրախաղային գրաֆիկում, այնուամենայնիվ, տեղ է գտել նաեւ Հայաստանը: Ասվածն ապացուցվեց Բրունելլոյի հետ մեր զրույցի հենց առաջին րոպեներին. նա հայտնեց, որ շտապում է Գառնի ու Գեղարդ, քանի որ հայկական բազմադարյա մշակույթի այդ նմուշները վաղուց են հետաքրքրում իրեն: «Նախաձեռնողն եմ նոր նախագծերի, որոնք ընդգրկում են գրականություն, փիլիսոփայություն, գիտություն, թատրոն… պատկերավոր ասած՝ խոսքի, երաժշտության, գեղարվեստական կերպարների համագործակցության մեջ եմ տեսնում հանդիսատեսիս հետ հետագա կապերի ընդլայնման ճանապարհը»,- նշեց Մարիո Բրունելլոն: Ֆիլհարմոնիկի հետ առաջին փորձից հետո էլ տպավորված էր նվագախմբով եւ, իր խոսքերով՝ երիտասարդ եռանդուն դիրիժոր Թոփչյանով:

Օրերս էլ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հռչակավոր Քարնեգի Հոլլ, Վեյլ համերգասրահներում ունեցած համերգից հետո, առաջին անգամ հայ հանդիսատեսին ներկայացավ ծնունդով Ավստրալիայից օպերային երգչուհի Նատալի Արոյանը՝ «Խաչատրյան» տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանի եւ ջութակահար Կարեն Շահգալդյանի նվագակցությամբ: Մեզ հետ զրույցում երիտասարդ արվեստագետը ներկայացրեց, որ Սիդնեյի Կաթողիկ համալսարանում ստացած երկու մասնագիտություններից (բիզնես եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ) հետո, շուրջ տասը տարի առաջ մասնագիտական «կյանքում» հեղաշրջում առաջացրեց հանդիպումը Երեւանի օպերային թատրոնի մեներգչուհի, այժմ սիդնեյաբնակ Լիլի Օվչյանի հետ: Նա ավարտում է նաեւ Սիդնեյի կոնսերվատորիան: Երգչուհին երկու միջազգային մրցույթներում հաղթելուց հետո, 2011թ. արժանանալով «Իտալական օպերայի հիմնադրամ» մրցույթի առաջին մրցանակին, հնարավորություն է ստացել կատարելագործվելու ճանաչված մանկավարժ Միրելա Ֆրենիի մոտ: Մինչ այդ Նատալին Նյու Յորքում համագործակցելով մեծանուն մաեստրո Քոլաների հետ, հանդես է եկել Վերդիի «Բալ-մասկարադ», «Ֆալստաֆ», Մոցարտի «Այդպես են վարվում բոլոր կանայք», Մենոտիի «Բլեքեր քաղաքի սուրբը» օպերաներում: Համագործակցել է անվանի դիրիժորներ Ռիչարդ Բոնինյենի, Դամե Կիրի Տե Կանավայի եւ Րենատա Սկոտտիի հետ: Վերջերս հայուհին հրավեր է ստացել «Մետրոպոլիտեն» թատրոնից՝ հանդես գալու Արմիդայի դերերգով՝ Գլյուկի համանուն օպերային ներկայացման մեջ: Հարցին՝ համագործակցո՞ւմ է որեւէ իմպրեսարիոյի հետ, մեր զրուցակիցն ասաց, որ տեղական համերգային գործունեության աշխատանքներով զբաղվում է մայրը՝ Լյուսին, իսկ Եվրոպայում ունի եւս մեկ ագենտ: Համերգին ներկա Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցը մեզ հետ զրույցում ասաց, որ հիացած է երգչուհու վոկալով եւ, իհարկե, արտաքինով, հավելելով. «Ցնծություն եմ ապրում, քանի որ Նատալիի առաջին վոկալի ուսուցիչը եղել է ժամանակին իմ գործընկեր Լիլի Օվչյանը: Փաստորեն, այս երգչուհին հայրենիքից հեռու հայկական վոկալ դպրոցի շարունակողն է»:

Նատալի Արոյանի հայրենիքում առաջին համերգը կազմակերպել էր «Խաչատրյան» տրիոն եւ Դասական երաժշտության հիմնադրամը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ. Գ. Ի տարբերություն անհայտ անունների, ազդագրից «փայլող» հռչակավորները գովազդի կարիք չունեն: Երեւանյան մշակութային աշնան առաջին արձագանքները հաստատում են, որ անծանոթ անուններն էլ կարող են դառնալ հետաքրքրության առարկա:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930