Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանյան հեռանկարները» ակադեմիա կբացի

Սեպտեմբեր 25,2012 13:53

Եվ կշարունակի հյուրընկալել աշխարհահռչակ երաժիշտներին

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնը (նախկինում՝  «XXI-ի հեռանկարներ») արդեն 13 տարի Հայաստան է բերում աշխարհահռչակ երաժիշտների՝ Պլասիդո Դոմինգո, Վալերի Գերգիեւ՝ Մարիինյան թատրոնի նվագախմբի հետ, Քշիշտոֆ Պենդերեցկի, Բորիս Բերեզովսկի, Յուրի Բաշմետ, Գիդոն Կրեմեր, Դավիդ Գերինգաս, Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբ, Գուլբենկյան նվագախումբ եւ այլն:

Սեպտեմբերի 27-ին «Երեւանյան հեռանկարների» շրջանակներում կկայանա աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի համերգը: Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց փառատոնի հիմնադիր նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը, նրան Երեւան հրավիրելու բանակցությունները տեւել են շուրջ 8 տարի, եւ  մինչեւ 2017 թվականը Կիսինի համերգները կոնկրետ օրերով եւ ժամերով պլանավորված են:

Ստեփան Ռոստոմյանը իրենց փառատոնը, որը կայանում է ողջ տարվա ընթացքում ու ոչ թե կոնկրետ ամսաթվի, պատկերավոր՝ սիմֆոնիա է անվանում: Ասում է, որ այն հիմնադրելիս նպատակ են ունեցել Հայաստանը դարձնել դասական երաժշտության կենտրոններից մեկը. «Եվ սա այն դեպքում, երբ որոշ հզոր եվրոպական երկրներ դասական երաժշտության ոլորտում ունեն 100-ավոր տարիների պատմություն, ու վերջապես էդ երաժշտությունը իրենցից է ծնվել. նույն Մոցարտը, Բախը, Բեթհովենը… հենց  Եվրոպայում են: Ուղղակի մենք ցանկացանք ցույց տալ Հայաստանի եւ հայի ֆենոմենը, աշխարհին ապացուցել, որ, օրինակ, միլիարդանոց Չինաստանին Հայաստանը շախմատով կարող է հաղթել, ուզեցինք փաստել,  որ հայը նյութի՛ ազգ չէ, խորը մտավոր եւ հոգեւոր կարողությունների տեր է: Հայաստանի հետ կապված ինչի մասին էլ խոսվի, կամա թե ակամա, առնչվելու է հոգեւորի հետ: Անգամ Երուսաղեմում հայկական ներկայությունը կա»:

Ռոստոմյանը վստահ է, որ փառատոնը կայացել է, եւ այն միանշանակ աշխարհի հզորագույն փառատոների շարքում է (օրինակ՝ Բեռլինի, Էդինբուրգի):

«Այն արտիստները, որոնց կարող ես տեսնել աշխարհի խոշորագույն եւ հեղինակավոր փառատոներում, հանդես են գալիս նաեւ «Երեւանյան հեռանկարների» շրջանակներում: Մենք հրավիրում ենք միայն բարձրագույն դասի երաժիշտներին: Ասենք, եթե աշխարհում կա մի 8 էդպիսի դաշնակահար, ուրեմն բոլորը պետք է լինեն Հայաստանում: Դժվարը նվագախմբեր Հայաստան բերելն է: Անհավանական է, բայց մեր երկրում ելույթ է ունեցել Մարիինյան թատրոնի նվագախումբը, Լոնդոնի թագավորական նվագախումբը, Գյուլբենկյանը: Ի դեպ, Բեռլինի ֆիլհարմոնիկը միշտ առաջատար է եղել, բայց արդեն քանի տարի է՝ առաջին հորիզոնականում է Ամստերդամի թագավորական նվագախումբը՝ Concertgebouw-ն է, երկրորդ տեղում Բեռլինի ֆիլհարմոնիկն է, երրորդում՝ Վիեննայինը, 4-րդ տեղում Լոնդոնի սիմֆոնիկն է՝ Գերգիեւի ղեկավարությամբ: Ուրախությամբ նշեմ, որ Concertgebouw-ը նոյեմբերին կլինի Հայաստանում»,- ոգեւորված է «Երեւանյան հեռանկարների» հիմնադիրը:

Նա տեղեկացրեց, որ իրենց փառատոնի շրջանակներում 2013-ի հունիսին կբացվի Բյուրականի երաժշտական ակադեմիան, որտեղ աշխարհահռչակ դասատուները Հայաստան կբերեն իրենց լավագույն ուսանողներին: Ռոստոմյանի ասելով, ակադեմիան ճանաչում կբերի եւ մեծ բեմերի ճանապարհ կհարթի աշխարհի հայազգի տաղանդավոր երաժիշտների համար: Բյուրականյան ակադեմիայի բացումը, որը կկայանա հաջորդ տարվա հունիսին, կնշանավորվի մեր ժամանակների խոշորագույն թավջութակահար Դավիդ Գերինգասի դասընթացով:

Իսկ ինչու է ակադեմիան բացվում ոչ թե Երեւանում, այլ Բյուրականում: Պարոն Ռոստոմյանը նշեց, որ հանրահայտ փառատոներին կից ակադեմիաներ են գործում, որոնք գտնվում են փառատոնային քաղաքից 30-40 կմ հեռավորության վրա: Ընտրվել է Բյուրականը, որովհետեւ այն պատմամշակութային տարածքում է եւ ակադեմիական հիմքի վրա, միայն աստղադիտարանով ու Վիկտոր Համբարձումյանի հռչակով ամեն ինչ ասվում է:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930