Մեզանում մայրաքաղաքային երթեւեկության կարգավորման խնդիրները կարծես թե լուծված են, բայց պարզվում է, որ դա առաջին հայացքից է այդպես, քանզի հաճախ ենք հանդիպում երթեւեկը կարգավորող (թաքնված), փնտրված ու չգտնված նշաններ: Օրինակ՝ Հր. Քոչարի փողոցի մայթեզրում (եթե այդպիսին կարելի է համարել) կանգնեցրած շրջադարձի ցածրահասակ նշանն այնպես խնամքով է փակած-թաքցրած հարեւան խանութի ավտոդողերի, թե ավտոպահեստամասերի գովազդային ուղղաձիգ, բարձրահասակ վահանակով, որ Կոմիտասի փողոցի (Սիթի) կողմից եկող մեքենայի վարորդը ստիպված կողմնորոշվում է առջեւից ընթացող շրջադարձ անող մեքենաներին հետեւելով (ասֆալտի վրա էլ չկա հուշող նշան): Իսկ ի՞նչ անի վարորդը, երբ առաջին անգամն է անցնում ու դիմացից էլ շրջադարձող չկա: Երթեւեկության մեկ այլ խնդիր եւս: Լավ է, որ մեր քաղաքում որոշ խաչմերուկներում տեղ-տեղ մշտապես բացվեց մեքենաների աջ երթեւեկը, բայց դա հետիոտնին պետք է տեսանելի լինի: Պարզեմ միտքս օրինակով՝ Մամուլի տնից Գր. Լուսավորիչ փողոցը հատելիս, կրկեսի մայթն անցնողները հաճախ են վտանգում սեփական կյանքը, քանզի երթեւեկը կարգավորող լուսակիրը դրված է զեբրայից առաջ, ինչը, կարծում եմ, անտրամաբանական է, մանավանդ որ հետնամասից էլ մետաղափակ է՝ ի տարբերություն շատ լուսակիրների: Իսկ տեղանքին քիչ ծանոթ կամ անծանոթ շտապող հետիոտն էլ, տեսնելով դիմացի կանաչ լույսը, անմիջապես նետվում է առաջ ու քիչ է մնում հայտնվի արագընթաց մեքենայի տակ: Սա իսկական թակարդ է բոլորի համար: Այս մասին չէի գրի, եթե միայն իմ սեփական փորձը լիներ, ամեն անգամ նման իրողության ականատեսն եմ ու մտածում եմ՝ արդյո՞ք Ճանապարհային ոստիկանությունն անտեղյակ է, կամ նկարահանող սարքերի գրանցումները լոկ վարորդներին պատժելու համար են, բայց ոչ կառուցողական լուծումների: Կարծում եմ՝ մեկ ընդհանուր կարգ պետք է մշակել, այն է՝ ճանապարհը կարգավորող լուսացույցները անպատճառ դրվեն զեբրայից հետո, որ հետիոտնը տեսնի իր հատելիք ճանապարհի ողջ պատկերը, ոչ թե ոտքը մայթից ցած դնի ու ակամայից անփառունակ վախճան ունենա: Հետո էլ պարզեն, թե հետիոտն ու վարորդն էլ ճիշտ էին, բայց…
Թվում է՝ մեզանում ամեն ինչ արվում է կանգառներին տեսք տալու եւ հարմարավետ դարձնելու համար, կառուցվել են ծածկեր, տեղադրվել նստարաններ, կարելի էր նաեւ ծաղիկներ էլ դնել՝ ծաղկամաններով… մինչդեռ երբեմն անհարկի այնպես են ծանրաբեռնում կանգառը գովազդային վահանակներով, որ մտացածին փակում է տեսադաշտն ու մարդը չի տեսնում իր փոխադրամիջոցը: Այս իմաստով Ռուբինյանց եւ Պ. Սեւակի փողոցների խաչմերուկից դեպի Մասիվ գնացողների կանգառը լավագույն օրինակ է: Լավ է, որ վերջապես բազմաթիվ կարկատաններով ու փոսերով մայթերն ասֆալտապատվեցին, փոխվեցին մայթեզրերի բազալտե քարերը, չնայած նորոգվեց կանգառը, բայց այն մնաց նույն անհարմարավետն ու անհրապույրը, քանզի սպասողների հայացքներն ուղղված են ձախ, իսկ ձախում ցածրահասակ գովազդային վահանակն է, նրանից 70 սմ հեռավորության վրա հպարտ, բարձր կանգնել է զզվելի աղբաման-թքամանը, որից անցորդները փորձում են հնարավորինս հեռու անցնել, բայց տեղ չկա, կամ մեկմեկու են զարնվում, կամ անզգույշ դիպչում մեկ ոտքի վրա ցցված աղբամանին: Դժվար է հատկապես երեխաների գործը, քանզի դրան հետեւում է մայրերի ղժղժոցն ու մի փափուկ կամ ծանր հարված՝ գլխներին, կապված աղբամանին փարվելու աստիճանից: Կանգառի աջից ու ձախից մայթի կենտրոնում տեղադրված այս զզվելի աղբամաններն ամբողջությամբ ավելորդություն են: Թվում էր՝ վերանորոգման աշխատանքների ժամանակ դրանք կհանեին կամ կտեղափոխեին… չարվեց թե մեկը, թե մյուսը: Բեմահարթակով կանգառն էլ հետ չտեղաշարժվեց, ինչի արդյունքում մայթը կբավարարեր անցուդարձին, իսկ հետնամասն էլ աղբանոցի չէր վերածվի: Լավ կլիներ, որ ոլորտի պատասխանատուներն ամեն գործում տիրոջ վերաբերմունք, ճաշակ դրսեւորեին, եթե մասնագետներ չեն, գոնե մի քիչ մտածեն ու նոր գործեն… հսկայածավալ աշխատանք է տարվել, ու քաղաքացին իրավացիորեն դժգոհում է: Այս կանգառում ամեն ինչ արված է անհարմարություն ստեղծելու համար կամ էլ դրության տերերը իրենց համար մշտապես գործունեության ոլորտ են ապահովում եւ անիմաստ մսխում հարկատուներիս հաշվին պահվող մեր սուղ բյուջեն: Իբր քաղաքի գլխավոր ճարտարապետ ունենք, քաղաքաշինության, կառուցապատման վարչություններ, բաժիններ… Ախր քաղաքաշինության նորմեր գոյություն ունեն, ժամանակին պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետում հատուկ դասաժամեր էին նվիրվում կանգառների ձեւավորմանը: Երեսուն տարի առաջ եմ տեսել ճարտարապետ-շինարար Մերի Կախիյանցի հեղինակած կանգառների էսքիզներն ու մինչեւ օրս հիշողությանս մեջ են: Այո, մարտնչող տգիտությունն եկել է ասպարեզ, մասնագետները շուքի տակ են մնացել, խբծ-ներն էլ՝ դրության տերերն են:
ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
Հ. Գ. Ակնկալում ենք ՃՈ եւ քաղաքապետարանի համապատասխան կառույցների արձագանքը:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ