Հրաչյա Վարդանյանի հայցով վարչական դատարանում հերթական դատական քննությունը հետաձգվեց
Հրաչյան նույնպես հայց էր ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, այն է՝ առոչինչ ճանաչել Միգրացիոն պետական ծառայության (այսուհետ՝ ՄՊԾ) կողմից նրա փախստականի կարգավիճակի դադարեցման որոշումը, որտեղ հստակ ձեւակերպված է, թե ինչ հիմքով է դադարեցվել նրա փախստականի կարգավիճակը ՀՀ-ում: Նախագահությամբ դատավոր Արման Թովմասյանի, հայցվորի ներկայացուցիչ Աստղիկ Ջանիկյանը պահանջեց պատասխանող կողմի ներկայությունը դատական քննություններին՝ հիմնավորելով. «Հարգելի դատարան, Միգրացիոն պետական ծառայությունը կարգավիճակը դադարեցրել է բազում խախտումներով, որոնցից մեկն այն է, որ հայցվորը վարչական վարույթի մասին ծանուցումներ չի ստացել: Բացի դա, պատասխանող կողմը հայցադիմումի պատասխանը չի ուղարկել հայցվորին, որի համար պետք է պատասխանող կողմի ներկայացուցչի ներկայությունը, որպեսզի կարողանանք առերես պարզաբանումներ կատարել»:
Դատավոր Արման Թովմասյանը, հիմք ընդունելով հայցվոր Հրաչյայի ներկայացուցիչ Աստղիկ Ջանիկյանի պահանջը, դատական քննությունը հետաձգեց հոկտեմբերի 19-ին, որպեսզի պարտավորեցնեն պատասխանող կողմի ներկայացուցչի ներկայությունը դատական քննություններին: Հավելենք, որ Հրաչյա Վարդանյանի գործով նախնական դատական նիստը կայացել էր, իսկ դատաքննությունը հետաձգվում է վերը նշված պահանջից ելնելով: Հարկ ենք համարում տեղեկացնել խախտումներից որոշ մանրամասներ, որոնց հիման վրա էլ դադարեցվել է Հրաչյայի փախստականի կարգավիճակը:
Կարդացեք նաև
Նշենք, որ Հրաչյայի՝ Ադրբեջանից բռնագաղթվելու մասին ՄՊԾ-ն որոշման մեջ շեշտել է, որ հիմք է հանդիսացել նրա ծնողների բռնագաղթվելու փաստը, այլ ոչ թե հենց Հրաչյայի: Գրառել են նաեւ, որ Հրաչյան ծնվել է 1989 թվականի փետրվարի 20-ին, իսկ նրանց ընտանիքը բռնագաղթվել է 1988 թվականին: Այդ հարցով պարզաբանեցինք հետեւյալը: Հրաչյա Վարդանյանը ծնվել է 1988 թվականի նոյեմբերի 20-ին: 1988 թվականին ստեղծված ադրբեջանական վայրագությունների պատճառով, նրա հայրը՝ Վարդան Վարդանյանը, 1988 թվականի դեկտեմբերի 5-ին տղային եւ կնոջը տեղափոխում է Հայաստան: Ստեղծված վայրագության պատճառով ծնողները չեն կարողանում վերցնել որդու ծննդյան վկայականը: Բռնագաղթվելով Հայաստան՝ դիմում են պետական լիազոր մարմնին, հաշվառվում են որպես փախստական: Այդուհետեւ դիմում են պետական լիազոր մարմնին, որպեսզի Հրաչյայի համար ստանան ծննդյան վկայական, սակայն բոլորիս հայտնի Սպիտակի երկրաշարժի պատճառով տղայի ծննդյան վկայական տրամադրելու գործը ձգձգվում է եւ տրամադրում են միայն 1989 թվականին, ծննդյան օրն էլ նշում են 1989 թվականի փետրվարի 20-ը, որտեղ նշվում է, որ Հրաչյան ծնվել է Հայաստանում: Այն հարցին, թե ինչո՞ւ չեն նշել տղայի փախուստի երկիրը, պատասխանում են. «Փաստացի այլ ձեւի տեղեկանք իրական ծննդավայրի նշումով մենք իրավասու չենք տրամադրել»: Ի դեպ, Հրաչյայի ծննդյան վկայականի մեջ նշված Հայաստանում ծնվելու «փաստը» անգամ չի խանգարել ոչ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությանը, ոչ էլ Միգրացիոն պետական ծառայությանը: Հրաչյան տարիներ շարունակ ստացել է փախստականի կարգավիճակը հաստատող անձնագիր, որը պարբերաբար երկարաձգվել է: Միայն 2010 թվականին գտել են, որ պետք է դադարեցվի նրա կարգավիճակը, քանի որ նա Ադրբեջանից բռնագաղթված անձ չէ, այլ՝ ծնվել է Հայաստանում: Փաստացի, Հրաչյայի փաստաթղթերում որպես փախուստի երկիր նշվել է Ադրբեջանը եւ ամեն անգամ անձնագրի ժամկետը երկարացնելիս դա կրկին անգամ հաստատվել է ՄՊԾ-ի եւ ԱՎՎ-ի կողմից: Չեն ստուգվել Հրաչյայի ծննդյան ամիսը, ամսաթիվը եւ տարեթիվը, որը, ինչպես վերը նշեցինք, ոչ թե 1989 թվականի փետրվարի 20-ն է, այլ 1988 թվականի նոյեմբերի 20-ը: Ի դեպ, Հրաչյայի հայրը՝ Վարդան Վարդանյանը, դատարան է ներկայացրել փաստաթղթեր, որտեղ հստակ նշված է, որ նա մինչեւ 1989 թվականի փետրվար-մարտ ամիսները եղել է Ադրբեջանում՝ աշխատելու նպատակով:
ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտը» շարունակում է հետամուտ լինել փախստականների գործերով վարչական դատարանում ընթացող դատական քննություններին: Նշենք, որ դատական նիստերը ընթանում են դատարկ դահլիճներում:
«Առավոտ» օրաթերթ