Լրահոս
Օրվա լրահոսը

Ելքը քաղաքակրթությունների ինտեգրումն է

Սեպտեմբեր 25,2012 13:44

Հոկտեմբերի 2-8-ը հունական Ռոդոս կղզում տեղի կունենա «Քաղաքակրթությունների երկխոսություն» 10-րդ միջազգային համաժողովը, որին մասնակցելու են 62 երկրների հասարակական, քաղաքական, տնտեսական վերնախավերի ներկայացուցիչներ,  հայտնի կրոնական գործիչներ: Համաժողովի կազմակերպիչները իրենց նպատակը տեսնում են երկխոսությունից ու համագործակցությունից քաղաքակրթությունների ինտեգրմանն անցնելու մեջ: Հայաստանյան պատվիրակության կազմում են  ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը, էկոլոգ Կարինե Դանիելյանը, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, «Հայ ասպետ» հիմնադրամի եւ հեռուստանախագծի հեղինակ, վարող Կարին Տոնոյանը, լրագրողներ: Համաժողովին Հայաստանը մասնակցում է արդեն ինը տարի եւ բավականին ներկայացուցչական ու գործնական: Հայաստանյան պատվիրակության ղեկավար Արամ Սարգսյանի ներկայացմամբ՝ հենց առաջին մասնակցությունից հայաստանյան պատվիրակությունը գործի անցավ համաժողովում հնչած գաղափարները տարածելու ուղղությամբ, եւ Հայաստանում ստեղծվեց «Քաղաքակրթությունների երկխոսություն ազգային կենտրոն» ՀԿ-ն: Արդեն 2005-ի հավաքում այն հիմք հանդիսացավ ցանցային համագործակցություն ստեղծելու համար: Արդյունքում՝ 2006-ին ստեղծվեց «Քաղաքակրթությունների երկխոսություն համաշխարհային հասարակական ֆորում»: Ֆորումի համակարգող խորհրդում ԱՊՀ երկրներից ներկայացված են ՌԴ-ն եւ Հայաստանը: Կառույցի համակարգողը Եվրոպայի խորհրդի նախկին նախագահ Վալտեր Շվիմերն է: Համակարգող խորհրդի անդամներն են ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Անգլիան, Ավստրիան, Իտալիան, Շվեյցարիան, Հունաստանը, Թուրքիան, Հնդկաստանը: Հայաստանի նախաձեռնությամբ եւ առաջին երիտասարդական կառույցի հիմնադրմամբ նաեւ համագործակցություն է սկսվել երիտասարդների միջեւ: Բացի ռոդոսյան հավաքից՝ լինում են նաեւ տարբեր միջազգային կոնֆերանսներ, ակցիաներ, հավաքներ՝ տարեցտարի ընդլայնելով եւ աշխարհագրական, եւ քաղաքական տիրույթը:

Ի դեպ, հենց 2006 թվականի ռոդոսյան հավաքում ամերիկացի պրոֆեսոր Վալերսթայնն առաջին անգամ խոսել է միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հնարավորության մասին: Իր վերլուծության մեջ նա նկատել է, որ ժամանակին, երբ ֆեոդալական ֆորմացիան ավարտվում էր, բոլորը հասկանում էին, բայցեւ չգիտեին, թե ինչ է գալու դրա փոխարեն. ձեւավորվեց կապիտալիզմը: Հիմա կապիտալիզմն է ավարտվում, բոլորը դա հասկանում են, բայց ի՞նչ ֆորմացիա է գալիս եւ ինչպիսի՞ն է այն, ոչ ոք չգիտի: Այս միտքը հետագայում ամենատարբեր հավաքներում զարգացվում է եւ մի տեսակետ ձեւավորվում, որ առկա ճգնաժամը ոչ թե տնտեսական է, այլ, իսկապես, համակարգային:

Տասներորդ հոբելյանական համաժողովում նախատեսվում է ընդունել ուղերձ՝ ուղղված աշխարհի ժողովուրդներին, որ աշխարհում ստեղծված լարվածությունը հնարավոր է մեղմել միայն քաղաքակրթությունների ինտեգրմամբ:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930