Բողոքում է Ողջիի նախկին գյուղապետ Սարգիս Ավագյանը
Ամասիայի տարածաշրջանի Ողջի գյուղում, որտեղ նույնպես կայացել են ՏԻՄ ընտրություններ, իշխանափոխություն է տեղի ունեցել: 24 տարվա գյուղապետ Սարգիս Ավագյանը, որի դեմ բավականաչափ լարված էին Շիրակի մարզպետարանի պաշտոնյաները՝ նրան համարելով «ամենածույլ գյուղապետերից մեկը» եւ տարիներ շարունակ դիմում էին կառավարությանը՝ անվստահություն հայտնելով, սակայն այդպես էլ չէին կարողանում գահընկեց անել, այս անգամ իր տեղը զիջեց գյուղապետարանի հաշվապահին՝ Հրաչիկ Մանուկյանին: Սակայն նախկին գյուղապետը այն կարծիքին է, որ ինքը ոչ թե պարտվել է, այլ իրեն պարտության են մատնել մարզպետարանի որոշ պաշտոնյաներ՝ իշխանական բոլոր լծակներն իր դեմ օգտագործելով: «ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարը փոխվեց-չփոխվեց՝ սկսեցին բոլորին իմ դեմ դուրս բերել: Դուք գիտե՞ք, որ Հանրապետական կուսակցության նոր ղեկավարը Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանն է. նա հրահանգել էր մեր դպրոցի տնօրենին, բոլոր ուսուցիչներին ինձ ձայն չտալ: Մեր գյուղից կային մարդիկ, որոնք հարեւան գյուղերի դպրոցներում են աշխատում, օրինակ՝ Ոսկեհասկի, Հայկավանի, Բյուրակնի, նույնիսկ նրանց առանձին-առանձին հավաքել ու ահաբեկել էին: Մինասյանի ընկերը՝ Ամասիայի ոստիկանապետ Աշոտ Գրիգորյանն էլ իր հերթին ոստիկանության աշխատակիցների միջոցով հավաքել է տվել բոլորին, նույնիսկ գյուղի հովիվներին, որպեսզի հանկարծ ռիսկ չանեն ինձ ընտրելու: Ես կարող եմ սա ապացուցել: Բառացիորեն նրանց ասվել է՝ գլխով պատասխան կտաք, եթե Սարգիս Ավագյանն անցնի: Վիրավորականը գիտե՞ք որն է, որ ես, լինելով 20 տարվա ՀՀԿ-ական, ինձ կուսակցությունը պաշտոնապես չսատարեց, սատարեց գյուղի հաշվապահին, որը 2 ամիս չկա, ինչ ԲՀԿ-ից դարձել է ՀՀԿ-ական, ընդ որում՝ ես եմ նրան ՀՀԿ-ական դարձրել, երբ որ ինձ պարտադրեցին Ամասիայի տարածքից 5-6 խելոք, գրագետ մարդ տանել Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու: Ես մարտ ամսին մի քանի հոգու ներկայացրեցի, այդ թվում եւ՝ հաշվապահին: Ո՞ւմ հարցրեց Շիրակի մարզի մեր կուսակցության ղեկավարը, որ հաշվապահին վստահեց, իհարկե՝ իմ հաշվապահը նաեւ կրթության վարչությունում է աշխատել, իրար ճանաչում են, բայց ես՝ 20 տարվա հանրապետականս, հենց սրանից եմ վիրավորված»,- պատմությունն այսպես ներկայացրեց 24 տարվա գյուղապետը:
Ըստ նրա՝ իրեն Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրն են գցել՝ պնդելով, թե դու ԱԺ ընտրությունների ժամանակ չես կարողացել ՀՀԿ-ի համար ձայներ ապահովել, ավելին՝ իրեն հանիրավի մեղադրել են «Օրինաց երկրի» կամ «Բարգավաճի» օգտին աշխատելու մեջ: «Ես մի քանի թվային տվյալներ ներկայացնեմ, դուք ասեք՝ դա հաղթանա՞կ է, թե՞ պարտություն. ՀՀԿ-ն Ողջիում հավաքել է 101 ձայն, ԲՀԿ-ն՝ 94, իսկ մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը հավաքել է 105, Հովհաննես Մարգարյանն էլ՝ 103: Սա պարտությո՞ւն է, թե՞ ինչպես ուզում, այնպես ներկայացնում են»,- ասում է Սարգիս Ավագյանը: Նախկին գյուղապետը առավել քան համոզված է, որ իր դեմ այսպիսի լծակներ չօգտագործելու դեպքում դարձյալ ինքը կհաղթեր, հատկապես, որ չնչին ձայներով է զիջել հաշվապահին. ինքը հավաքել է 94 ձայն, մրցակիցը՝ 122: Ըստ նախկին գյուղապետի՝ Աշոցքի ոստիկանապետը, որի ընտանիքը նույնպես հաշվառված է իրենց գյուղում, ավելորդ պատմությունների մեջ չընկնելու պատճառով չի մասնակցել ընտրություններին: Մենք գյուղապետից հետաքրքրվեցինք՝ իր դեմ լարվելու պատճառը ՀՀԿ-ին ձայներ չբերե՞լն էր, թե՞ գյուղի սեփական եկամուտները չհավաքագրելը, որից տարիներ շարունակ դժգոհում է Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանը: Այս պաշտոնյան նրան անգամ «ամենածույլ» գյուղապետ էր որակել: «Ինձ ամենածույլ ասողը թող ինքը ծույլ լինի, իսկ ես եկել եմ ժողովուրդ ապրեցնեմ, ժողովրդի դրությունը գիտե՞ք ինչպես է. բանկերի մեջ, տոկոսների մեջ կորել է, եւ 160 հեկտար հողատերը Ռուսաստանում է՝ անհայտ հասցեով, գոյություն չունի, Ավագյանը որտեղի՞ց հավաքագրում կատարեր: Ես ընդունում եմ, որ ամենավատ տոկոսը մերն է, բայց ես կարո՞ղ եմ հետ կանչել Ռուսաստան կամ Ամերիկա գնացողին, հողից զրկելն էլ գյուղապետի խնդիրը չէ, այլ դատարանի»,- զայրացավ նախկին գյուղապետը: Վերջինս ասաց, որ իրեն անշուք, կոպիտ վերաբերմունքով են ճանապարհել, որից էլ ինքը չափից ավելի է վիրավորվել:
Կարդացեք նաև
Մենք ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են կրթական համակարգի աշխատակիցներին հրահանգել դեմ դուրս գալ Սարգիս Ավագյանին, եւ ինչո՞ւ են 20 տարվա ՀՀԿ-ականին թողած՝ պաշտոնապես սատարել նորաթուխ կուսակցականին: Վերջինս զարմացավ՝ լսելով Սարգիս Ավագյանի՝ իրեն հասցեագրված մեղադրանքները: «ՀՀԿ Շիրակի մարզային կառույցը ոչ մեկին չի սատարել, ոչ մեկի թեկնածությունը չի առաջադրել, նրանք երկուսն էլ ինքնաառաջադրվել են, իսկ մրցակցությունը եղել է երկու մարդկանց միջեւ, որոնք նույն թիմից են, նույն կուսակցությունից, նույն աշխատանքային միջավայրից, գործընկերներ են, մրցակցությունը սկսվել եւ ավարտվել է իրենց միջեւ: Ես ինձ երբեք թույլ չէի տա միջամտել այդ գործին, դրա կարիքն էլ չկար, հատկապես, որ գյուղի հաշվապահն իր թեկնածությունը առաջադրել է գյուղացիների խնդրանքով»,- պարզաբանեց Սահակ Մինասյանը:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ