Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք գիտենք, որ այս երկիրը ղեկավարում են օլիգարխները»

Սեպտեմբեր 25,2012 13:37

Միջազգային դիտորդը վստահեցնում է, որ իրենք չեն խոսում, բայց ամեն ինչ տեսնում են ու հասկանում

Երեկ Եվրոպայի խորհրդի դիտորդական առաքելության ղեկավար Հենրի Ֆերալն «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում անկեղծացավ ու պատմեց, թե իրենք իրականում ինչեր գիտեն մեր երկրի մասին:

Նշենք, որ ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ տված բարձր գնահատականներից հետո դիտորդները վստահեցրին, որ կեղծիքներ չեն տեսել, ցնդող թանաք չեն տեսել, ընտրակաշառքի դեպք չեն տեսել: Մեր դիտարկմանը՝ կարծիք կա, որ միջազգային դիտորդներն ընտրատեղամասերում իրենց բուն գործը թողած՝ իշխանական թեւը խորոված-քյաբաբով պատիվ է տալիս, ամբողջ օրը, այսպես ասած, քեֆերի մեջ են լինում, դրա համար էլ ոչինչ չեն տեսնում, պարոն Հենրի Ֆերալը վստահեցրեց, որ իրենց հետ նման բան չի եղել. «Այն հյուրանոցը, որտեղ մենք իջեւանել ենք, լավը չի: Լավ ուտելիքներ չեն տալիս: Չէ, չէ, մենք տուրիզմով չենք զբաղվում: Ստրասբուրգն է վճարել հյուրանոցների եւ օդանավերի տոմսերի համար: Մեզ էլ տալիս են փոքր գումար, որը օրապահիկն է»: Մեկ այլ դիտորդ՝ լսելով, որ իրենց մեղադրում են «խորովածաքյաբաբային» առաքելության մեջ, միջամտեց. «Պարզ է, որ գալիս ենք, ոչինչ չենք խոսում, մարդիկ մտածում են՝ ոչինչ չենք տեսնում, ոչինչ չենք հասկանում, խուլ ենք: Տեսնում ենք: Տեսնում ենք, ներկա ենք լինում: Կարծում եմ՝ զեկույցը խիստ կլինի: Մենք գիտենք, որ այս երկիրը ղեկավարում են օլիգարխները: Յուրաքանչյուր տարի 30 հազար հայ ցանկանում է հեռանալ երկրից, գնալ Ռուսաստան եւ այլուր, որովհետեւ երկրում 30 տոկոս գործազրկություն կա: Այնպես որ, մենք բոլորս էլ գիտենք»:

Միջազգային դիտորդները զարմացել էին, որ այսօր հրավիրած ասուլիսի կեսից ԶԼՄ-ները հեռացան: Մենք բացատրեցինք, որ դա պայմանավորված է դիտորդների ասելիքով, որ իրենց զեկույցներում հասկանալի ոչինչ չի ասվում, եւ որ մեր երկրում միջազգային դիտորդների նկատմամբ վստահությունն անկում է ապրել: Պարոն Ֆերալն ի պատասխան՝ նշեց. «Կամերաներին պետք չէր այլեւս, մի քանի նկարահանում արեցին՝ գնացին: Մենք ասացինք, որ ընտրություններում առաջին բացասական խնդիրն այն էր, որ քաղաքական կուսակցությունները ներկա չէին այս գործընթացին: Ես ասացի, որ բարելավումներն էլ տեխնիկավարչական առումով են: Բուն ընտրությունների ընթացքը կարելի է ասել, որ լավ է, բավականին նորմալ ընտրություն է: Բայց դա չի նշանակում, որ ընտրակաշառք չկա: Կարող է՝ դրսում կա, բայց մենք ի՞նչ իմանանք: Այդ բանը մեր աչքի առջեւ տեղի չի ունենալու: Դա տեղի է ունենալու թաքուն: Կարող է նաեւ, ասենք, մանավանդ՝ գյուղական վայրերում, գյուղապետը, որը ֆինանսական միջոցներ ունի, կաշառք բաժանի՝ կա՛մ փողով, կա՛մ, այսպես ասած, բնամթերքով: Բոլորն ասում են այդ մասին, խոսում են: Դա շատ դժվար է ֆիքսելը»:

Մեր դիտարկմանը, որ նախորդ խորհրդարանական ընտրություններին ընտրատեղամասի մոտ փողը բացեիբաց բաժանել են գազելով, լրատվամիջոցները ֆիքսեցին, բայց դիտորդները ոչինչ չտեսան՝ պատասխանեց. «Եթե այսօր ԶԼՄ-ները շատ հարցեր չտվեցին, այն պատճառով էր, որ ՏԻՄ ընտրությունները այսօր դեռեւս այդքան մեծ հետաքրքրություն չեն առաջացնում Հայաստանում: Փաստորեն, ավելի կարեւորվում են նախագահական ընտրությունները կամ Երեւանի քաղաքապետի ընտրությունները»:

Պարոն Ֆերալը նշեց, որ մենք նոր ենք դուրս եկել Ռուսաստանի «թեւի տակից», մի քանի սերունդ է պետք, որ ժողովրդավարությունը կայանա:

Դիտորդական առաքելության մեկ այլ ներկայացուցիչ էլ նկատեց. «Կամ կամուրջներն այրում ենք Հայաստանի հետ եւ Հայաստանը մեկուսացնում, արդեն իսկ Հայաստանը մեկուսացված է բոլոր շրջակա պետությունների կողմից, կամ փորձում ենք ստիպել իրենց կամաց-կամաց դեպի ժողովրդավարություն գնալ: Ջանքեր գործադրվել են, որոնք, իհարկե, շատ անբավարար են: Դա փոքր առաջընթաց է»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930