Բորիս Հակոբյանն ասում է, որ ինքն է սպանել Խաչիկին
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Գուրգեն Մարգարյանի եղբոր՝ Վահրամ Մարգարյանի եւ Բորիս Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Նրանք մեղադրվում են ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու եւ անցյալ տարվա օգոստոսի 2-ին Խաչիկ Գալոյանին սպանելու համար:
Վահրամ Մարգարյանը հրաժարվեց ցուցմունք տալ, ինչպես նաեւ պատասխանել մեղադրող Արմեն Աֆանդյանի ու նախագահողի հարցերին, ասելով. «Ոչ մարդ եմ սպանել, ոչ կապ ունեմ մեղադրանքի հետ, մի տարի է մուֆթա նստած եմ եւ հրաժարվում եմ պատասխանել որեւէ մեկի հարցերին»: Բորիս Հակոբյանն ասաց, որ ինքն է սպանել Խաչիկ Գալոյանին, քանի որ նա լինելով Տուապսե քաղաքում գործարար, ունենալով լայն կապեր, իրականացրել է իր որդու՝ Տիգրանի սպանությունը: Նա ընթերցում էր իր ցուցմունքը (անգամ խնդրեց իր փաստաբանին՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կրոմվել Գրիգորյանին, որպեսզի նա ընթերցի), որտեղ նշել էր, որ 2011թ. հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը իմանալով, որ Խաչիկը եկել է Հայաստան եւ ապրում է «Շիրակ» հյուրանոցում, սկսել է նրան հետեւել: Նկարագրեց, որ սպանությունից մեկ օր առաջ ձախողվել էր փորձը, որովհետեւ տեսել էր, որ Խաչիկը ինչ-որ անծանոթի հետ բարձրացել էր Զաքիյան փողոցով: Այնուամենայնիվ, նա նկարագրեց, որ սպանության օրը հետեւելով նրան միայնակ, ետեւից 4 անգամ կրակել է, իսկ 5-րդ անգամ, երբ Խաչիկն ընկել էր մայթեզրին, կրակել է գլխի շրջանում:
Կարդացեք նաև
Բորիսը նաեւ ասաց, որ ինքը մեղայականով հետագայում ներկայացել է ոստիկանության բաժին, գտնվել է հոգեկան ծանր վիճակում եւ եթե չներկայանար, ապա Խաչիկի սպանությունը, ըստ նրա, չէր բացահայտվի: «Սպանելով լուծել եմ որդուս վրեժը»,- հայտարարեց նա:
Լեփ-լեցուն դահլիճը շոկի մեջ է, չնայած դրան, հայտարարությունը հնչեց լռության մեջ:
Պաշտպանի խնդրանքով հայտարարվել է 15 րոպեանոց ընդմիջում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Մանրամասները՝ քիչ ուշ