Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Շարմազանովի՝ ընդդիմադիրները ռեսուրս չունեն մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

Սեպտեմբեր 25,2012 12:42

 Հատված ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հարցազրույցից:

-Քանի՞ նոր համայնքապետ «ստացավ» ՀՀԿ-ն այս ընտրությունների արդյունքում։
-Տվյալները դեռեւս ամփոփվում են, բայց կարող եմ ասել, որ մեր թեկնածուները հաղթել են Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներում, այդ թվում՝ Մարտունիում, Վարդենիսում եւ Սեւանում, Վայոց ձորի բոլոր գյուղերում եւ Վայքում։
Եղեգնաձորում հաղթել է «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչը, Դիլիջանում գործող քաղաքապետն առաջ է անցել ԲՀԿ թեկնածուից, Բերդում 2 հանրապետականների եւ «Բարգավաճի» պայքարում հաղթել է մեր թեկնածուն՝ առաջին երկու տեղում հանրապետականներն են, 3-րդ տեղում՝ ԲՀԿ-ն։ Մի շարք համայնքներում հաղթել են անկուսակցական թեկնածուները։
Այստեղ մի բան պետք է արձանագրել. չգիտեմ՝ ցավո՞վ ասեմ, թե՞ ափսոսանքով, բայց մեզանում արդեն օրինաչափություն է դառնում, որ ընդդիմադիր ուժերը, որոնք ամենից բարձր են գոռում տարածքների համաչափ զարգացման մասին, քննադատում իշխանություններին սահմանամերձ շրջաններում գոյություն ունեցող խնդիրների համար, ո՛չ մասնակցում են ՏԻՄ ընտրություններին, ո՛չ էլ ծրագիր ներկայացնում, թե ինչպես լուծել այդ խնդիրները։
Տպավորություն է ստեղծվում, թե այդ քաղաքական ուժերն ընդամենը քաղաքական հնարքներ են իրականացնում՝ քաղաքական պիառ, որպեսզի դուր գան ընտրողներին։ Իրականում, եթե մտածում են ժողովրդի մասին, գոնե պետք է փորձեին թեկնածուներ առաջադրել հեռավոր սահմանամերձ գյուղերում եւ մրցել իշխող կուսակցության հետ։
Սակայն ի՞նչ ենք տեսնում. ընդդիմադիր հռչակված քաղաքական ուժերը, բացառությամբ ՀՅԴ-ի, որ որոշ համայնքներում առաջադրել է իր ներկայացուցիչներին եւ տեղ-տեղ նույնիսկ հասել հաջողության, ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» գրեթե մասնակցություն չունեցան այս ընտրություններում։
Ձեր կարծիքով, ի՞նչն է պատճառը. ռեսուրսներ չունե՞ն, թե՞ ուղղակի լուրջ չեն վերաբերվում ՏԻՄ ինստիտուտին։
-Նախեւառաջ՝ ռեսուրս չունեն, եւ խոսքը միայն ֆինանսական հնարավորությունների մասին չէ։ Չեմ կարծում, թե այս կամ այն համայնքում անցողիկ թեկնածու են ունեցել ու չեն առաջադրել։ Եթե ունեին, թող առաջադրեին ու հաղթեին. ի վերջո, քաղաքական պայքարը մրցակցություն է, եւ ես այստեղ որեւէ խնդիր չեմ տեսնում, մանավանդ սա լավ հնարավորություն էր զորաշարժի ենթարկելու սեփական ուժերը եւ լավ «մարզավիճակում» ներկայանալու նախագահական ընտրություններին։ Ես, համենայն դեպս, չեմ ճանաչում որեւէ քաղաքական ուժի, որը գիտի, որ իր ներկայացուցիչը կարող էր հաղթել, ու չի դրել նրա թեկնածությունը։
-Չեն մասնակցում, բայց էլի «ձեռի հետ» բողոքում են ընտրությունների ընթացքում տեղ գտած «բազմաթիվ» խախտումներից եւ անարդարություններից։ 
-Նույնիսկ եթե առանձին տեղամասերում եղել են ինչ-ինչ խախտումներ, կրկնում եմ, ընտրական հանձնաժողովները եւ իրավապահ մարմինները շատ օպերատիվ արձագանքել են։ Եղել են նաեւ անհասցե բողոքներ, որոնք չեն հաստատվել։ Այդ առումով արտառոց կամ աղմկահարույց որեւէ խախտում, միջադեպ չի արձանագրվել, նույնիսկ սայթերում չեմ կարդացել ընտրական գործընթացում տեղ գտած լուրջ խնդիրների մասին։
Տեխնիկական ինչ-ինչ բացթողումներ միգուցե եղել են, բայց որեւէ համայնքում անգամ ընտրությունների արդյունքների բողոքարկման փաստեր չեն գրանցվել։ Սեպտեմբերի 9-ի ընտրություններից հետո բողոքարկվել էին Մասիսի համայնքապետի ընտրության արդյունքները, բայց վերահաշվարկ անցկացվեց, եւ իրենք՝ ԲՀԿ մեր գործընկերներն էլ համոզվեցին, որ ՀՀԿ թեկնածուի հաղթանակը անբասիր էր։
  -Ընտրողների մասնակցության ցուցանիշն ինչպե՞ս եք գնահատում։ 
-53 տոկոս մասնակցությունը, կարծում եմ, նորմալ ցուցանիշ է ՏԻՄ ընտրությունների համար։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ շատ կուսակցություններ առհասարակ թեկնածուներ չէին առաջադրել։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

 «Հայոց Աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930