Հայաստանի պետական ջազ նվագախմբի հոբելյանի 75-ամյակի առիթով Հայաստանում է նվագախմբի նախկին ղեկավար, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը: Վերջինս 2010-ին տեղափոխվել է Կանադա եւ իր ընտանիքի հետ ապրում է այնտեղ: Հատվածներ նրա հետ հարցազրույցից:
– 1997 թվականից Պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն էիք։ Երկու տարի առաջ թողեցիք նվագախումբը։ Ո՞րն էր պատճառը։
– Իմ որոշումը պայմանավորված չէ Կանադա մեկնելու հետ։ Ուղղակի ժամանակն էր։ Ես կարծում եմ, որ սա այն է, ինչ մեզ պակասում է։
Ես մի քայլ առաջ արեցի։ Ես իմ մասով արեցի, ինչ կարող էի, ինչ հնարավոր էր։ Ղեկավարեցի տասներեք տարի, իսկ նոր արյուն միշտ պետք է, սերնդափոխություն պետք է լինի բոլոր ասպարեզներում։
– Կանադա մեկնեցիք Հայաստանում անշարժ գույքի հետ կապված խնդիրներ ունենալու պատճառով…
– Իհարկե, անշարժ գույքի հետ կապված խնդիրներ եմ ունեցել։ Բայց միայն ես չեմ, որ նման խնդիր եմ ունեցել։ Շատ անարդար ձևով եմ պատժվել, բայց դա չէ եղել իմ՝ Կանադա տեղափոխվելու պատճառը։ Դա տեղի է ունեցել ութ տարի առաջ, իսկ ես գնացել եմ երկու տարի առաջ։ Ես դեռևս հույս ունեմ, որ ինձ կվերադարձնեն ինձնից զավթած իմ միակ անշարժ գույքը, որը ժառանգել էի ծնողներիցս։ Կանադա գնացել եմ երեխաներիս համար։ Երկու տղաներս էլ կինոյի ասպարեզն են ընտրել։ Այնտեղ նրանք մեծ ասպարեզ են մտնում ուսանելու առաջին իսկ տարիներից։ Այնտեղ նրանց սովորեցնում են ոչ
միայն արվեստը, այլ այդ արվեստը վաճառելու ձևերը, որ հետագայում նրանք արվեստի գերին չդառնան։ Շատ կուզեի, որ մեր բուհերում ուշադրություն դարձնեն նաև բիզնես մենեջմենթի, մարքետինգի հարցերին։
– Պարո՛ն Մարտիրոսյան, հաճախ է խոսվում այն մասին, որ Հայաստանում բարձունքների են հասնում ոչ թե լավագույնները, այլ շատ գումար ունեցողները։ Ի՞նչ կասեք այս մասին։
– Այդ երևույթը բոլոր երկրներում կա, մեզ մոտ դա շատ ավելի է զգացվում, քանի որ մենք թվով քիչ ենք։ Ուղղակի պետք է հետևենք, որպեսզի դա համակարգ չդառնա։ Կան տաղանդավոր շատ երաժիշտներ, ովքեր ոչինչ էլ չեն ունեցել, բայց բարձունքների են հասել՝ «Dorians»-ը։ Մենք ավելի մեծ խնդիրներ ունենք, մենք շատ ենք փակված, մեզ չեն ճանաչում։ Ես ուզում եմ՝ մեզ ճանաչեն, որովհետև մենք արժանի ենք։ Ինգա և Անուշ Արշակյանները կամ «Dorians»-ը լինելու են առաջինը, որ կոտրելու են այդ սառույցը, քանի որ
իրենց արվեստը համամարդկային է։
– Իսկ ի՞նչն է պատճառը, որ հայաստանցի երաժիշտներին չեն ճանաչում։
– Դա մեր երկրի՝ չինտեգրված լինելու հետևանքն է։ Ուրիշ բան չկա։
Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«168 ժամ»